Բաժին. Տնտեսական

Բիզնեսի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանն 56-րդն է

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է «Բիզնեսի համար լավագույն երկրները. 2014»  (Best countries for business – 2014) ամենամյա վարկանիշը: Հայաստանն այս վարկանիշում 56-րդն է: Պարզվում է՝ այս ցուցանիշով մեր երկիրն առաջատար է ԱՊՀ-ում:

Վարկանիշում, ընդհանուր առմամբ, ներառվել է  146 երկիր: Վարկանիշը կազմելու համար Forbes-ը դիտարկել է բիզնես միջավայրը ներկայացնող մի շարք ցուցանիշներ:

Վարկանիշի առաջին տեղում Դանիան է: Առաջատար տասնյակում են նաեւ Հոնկոնգը, Նոր Զելանդիան, Իռլանդիան, Շվեդիան, Կանադան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեյցարիան եւ Ֆինլանդիան:

Նշենք, որ վարկանշում Վրաստանը 47-րդն է, Թուրքիան՝ 50-րդը, իսկ Ադրբեջանը՝ 60-րդը: Միեւնույն ժամանակ,  Ուկրաինան զբաղեցրել է 88-րդ տեղը, իսկ Ռուսաստանը՝ 91-րդը:

Հայաստանի վերաբերյալ Forbes-ի գնահատականն այսպիսին է. «Մի քանի տարի երկնիշ տնտեսական աճ գրանցելուց հետո Հայաստանը բախվել էր լուրջ տնտեսական անկման հետ, երբ երկրի ՀՆԱ-ն 2009 թվականին գրանցել էր ավելի քան 14% անկում՝ չնայած բազմակողմ միջազգային կազմակերպություններից ստացված մեծ վարկերի: Շինարարության ոլորտում գրանցված նվազման, նաև Ռուսաստանից հոսող դրամական փոխանցումների կտրուկ նվազեցումը հանգեցրել էին կտրուկ անկմանը: Տնտեսությունը սկսել է վերականգնվել 2010 թվականին՝ արձանագրելով 2,1% տնտեսական աճ և դրան հաջորդած երեք տարվա ընթացքում՝ ավելի արագ տեմպերով»: Forbes-ը անարդյունավետ է գնահատել մեր երկրում իրականացվող՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումները: Պարբերականի վերլուծաբանները Հայաստանին խորհուրդ են տալիս տնտեսական աճը վերականգնելու, տնտեսական մրցունակությունը բարելավելու և զբաղվածությունը մեծացնելու նպատակով  լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ իրականացնել և ամրապնդել օրենքի գերակայությունը:

Share