Բաժին. Տնտեսական

Բանկերում վարկային ներդրումների 6%-ը դասակարգված է որպես «չաշխատող»

Հայաստանյան բանկերում վարկային ներդրումների շուրջ 6%-ը դասակարգված է որպես «չաշխատող»: Այս մասին վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում «հսկվող» դասի վարկերը և դեբիտորական պարտքերը կազմել են ընդհանուրի 3.1%-ը, «ոչ ստանդարտ» դասի վարկերը և դեբիտորական պարտքերը` 1.7%-ը, «կասկածելի» դասի վարկերը և դեբիտորական պարտքերը` 1.3%-ը:

Հարկ է նշել, որ տարվա ընթացքում բոլոր ցուցանիշների մասով գրանցվել է աճ:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները կազմել են 2 տրլն 959.1 մլրդ դրամ: Ընդհանուր ակտիվների կառուցվածքում տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը կազմել է 1 տրլն 844.0 մլրդ դրամ:

Ըստ արժութային կառուցվածքի՝ դրամային և արտարժութային վարկերը կազմել են 677.1 մլրդ դրամ և 1 տրլն 166.9 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում, արտարժութային վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում կազմել է 63.3%:

Share