Բաժին. Տնտեսական

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը նվազել է

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.8% աճ, ինչը շուրջ 0,4 տոկոսային կետով պակաս է հունվար-հոկտեմբերին գրանցված ցուցանիշից:

Հաշվետու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավել նպաստել են ծառայությունների, գյուղատնտեսության և առևտրի ոլորտները: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մեր երկրի բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 987,43 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 7.1%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 920,72 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 6.5%-ով: Միևնույն ժամանակ, առևտրի շրջանառությունն աճել է 4.2%-ով և կազմել 2076,46 մլրդ ՀՀ դրամ:

Արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է  1160,45 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճելով 2.6%-ով, իսկ շինարարության համախառն ծավալը կազմել է 344,47 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 5% անկում:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին մեր երկրում գնաճը կազմել է 2.8%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 108.5%:

Share