Բաժին. Տնտեսական

2014թ.-ին ՓՄՁ ԶԱԿ-ը աջակցություն է տրամադրել շուրջ 6000 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամն ամփոփել է 2014 թվականը:

Ըստ ներկայացված տվյալների՝ ՓՄՁ պետական աջակցության 2014թ. ծրագրի շրջանակներում ՀՀ 2014թ. պետական բյուջեից հատկացվել է 151,983,700 դրամ: Բոլոր իրականացվող ծրագրերում ակտիվ ներգրավվածություն են ունեցել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր միջազգային կազմակերպությունները:

Հաշվետու տարում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցության, ոլորտային աջակցության, գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության, տեղական տնտեսական զարգացման ուղղություններով աջակցություն է տրամադրել շուրջ 6,000 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության բոլոր ուղղություններով տրամադրվել է ավելի քան 13,000 աջակցություն: Աջակցության ավելի քան 95%-ն ուղղվել է մարզերի գործող և սկսնակ ՓՄՁ-ներին:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով ֆինանսական աջակցություն է ստացել 227 գործող և սկսնակ ՓՄՁ: Վարկային երաշխավորություններից 217-ը տրամադրվել է սկսնակ (մեկ ՓՄՁ-ի հաշվով տրամադրված վարկային երաշխավորության միջին գումարը` 3.6 մլն ՀՀ դրամ), իսկ 10-ը՝ գործող ՓՄՁ-ների (մեկ ՓՄՁ-ի հաշվով տրամադրված վարկային երաշխավորության միջին գումարը` 13 մլն ՀՀ դրամ):  Ընդհանուր առմամբ, 2014թ. ընթացքում տրամադրվել է 908.5 մլն ՀՀ դրամի երաշխավորություն: Միջազգային գործընկեր կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին վարկային երաշխավորությունների դրամագլուխը համալրվել է 170,150,000 ՀՀ դրամով՝ կազմելով 1,787,000,000 ՀՀ դրամ:

ՀՀ բոլոր մարզերում իրականացված «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» 26 ծրագրի շրջանակներում իրականացված գործարարությամբ զբաղվելու դասընթացներին և խորհրդատվություններին մասնակցել են 537 սկսնակ գործարարներ: Արդյունքում, իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած սկսնակներից ֆինանսական աջակցություն են ստացել և իրենց գործունեությունն են սկսել 201-ը:

Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N1017-Ն որոշման մինչև 10 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող և գյուղական համայնքներում գործող ՓՄՁ-ների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման արժեքի փոխհատուցման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին է հատկացվել 150 մլն ՀՀ դրամ:  Ս.թ. հոկտեմբեր ամսից մեկնարկել է «ՓՄՁ սուբյեկտների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման արժեքի փոխհատուցման ծրագիրը», որի շրջանակներում 2015թ. ընթացքում նախատեսվում է 100%-ով սուբսիդավորել մոտ 4,500 ՓՄՁ-ների: Արդեն իսկ սուբսիդավորվել է 70 ՓՄՁ-ի հայտ, ևս 70 հայտ կսուբսիդավորվի մինչև տարեվերջ:

Գյուղատնտեսության զարգացման նպատակով իրականացվող գյուղ. տեխնիկայի ներկրման և տրամադրման ծրագրի շրջանակներում 2014թ.-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ներկրել է ևս 168 հատ նոր բելառուսական МТЗ 82.1 մակնիշի տրակտոր, որոնցից 161-ն արդեն իսկ ֆերմերներին, համայնքներին և կազմակերպություններին վաճառվել կամ լիզինգով է տրամադրվել շուկայականից շուրջ 30% ցածր գնով: Դեկտեմբեր ամսին ներմուծվել և պատվիրատու համայնքներին լիզինգով տրամադրվել է 4 «Նիվա-էֆեկտ» հացահատիկահավաք կոմբայն 30,5 մլն ՀՀ դրամով:

Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում վերլուծվել են ՀՀ 45 գյուղական համայնքների մրցակցային առավելությունները և բացահայտվել են շուրջ 165 համայնքային տնտեսական զարգացման նախաձեռնություններ, որոնց իրագործմանն աջակցությունը իրականացվել է «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» ծրագրի շրջանակներում: Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում 4 համայնքներում իրականացվել են ենթակառուցվածքային զարգացման ծրագրեր: Նորաշեն համայնքում կառուցվել են արոտավայրերի խմելու ջրի ցանց և խմոցներ, իսկ Պտղավան, Դեղձավան և Զորական համայնքներում  իրականացվել են ոռոգման ցանցերի մասնակի վերանորոգման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ իրականացվել է շուրջ 30 մլն ՀՀ դրամի ներդրում:

ՓՄՁ-ներին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկելու նպատակով շուրջ 1,000 սուբյեկտի համար ՀՀ բոլոր մարզերի 25 քաղաքներում կազմակերպվել են սեմինար-խորհրդատվություններ, 393 ՓՄՁ-ների համար՝ 21 մասնագիտական դասընթաց:

127 ՓՄՁ-ների չրագործության, ջերմոցային և սառնարանային տնտեսություններ գործարկելու ուղղություններով տրամադրվել է աջակցություն տեխնոլոգիական դասընթացների և անհատական խորհրդատվությունների միջոցով: 18 սկսնակ ՓՄՁ-ների չրանոցների, ջերմոցների և սառնարանային տնտեսությունների հիմնման նպատակով սարքավորումների և նյութերի ձևով տրամադրվել են միջինում 650,000 ՀՀ դրամին համարժեք դրամաշնորհներ:

Անցնող տարում ընդլայնվել է համագործակցությունը միջազգային  կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ: Շարունակվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի իրականացումը, «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ծրագիրը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը  Հայաստանում» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՄԱԶԾ ծրագիրը, «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության համատեղ ծրագիրը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ փախստականների աջակցության ծրագիրը, Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության շրջանակներում «Կանանց ձեռներեցությանն աջակցություն» ծրագիրը, ինչպես նաև մի շարք այլ ծրագրեր տեղական և միջազգային գործընկերների հետ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ից վստահեցնում են, որ 2015 թվականի ընթացքում իրականացվող պետական աջակցության ծրագրերը շարունակաբար կընդլայնվեն և կհամալրվեն աջակցության նոր գործիքներով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից նախանշված տնտեսական զարգացման առաջնահերթությունները:

Share