Բաժին. Տնտեսական

Պաշտոնական. Դեկտեմբերին պարենային շուկայում գնաճը կազմել է ավելի քան 5%

«Նախատոնական» դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 3.0% գնաճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները աճել են 5.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.7% հավելաճ:

Հաշվետու ամսում, 2013 թվականի նույն ամսվա համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 104.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 106.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.6%, ծառայությունների սակագներինը՝ 103.0%:

Նշենք նաև, որ հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից (0.5%):

2014թ. հունվար-դեկտեմբերին, 2013թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 103.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102.2%, ոչ պարենային ապրանքներինը` 101.7%, ծառայությունների սակագներինը` 105.1%:

Share