Բաժին. Տնտեսական

Նավթի գների անկումից ադրբեջանական տնտեսությունը անդառնալի կորուստներ է կրում

Անցյալ ամառվանից սկսած նկատվում է նավթի համաշխարհային գների կայուն անկում: 2014թ. դեկտեմբերի 1-ին նավթի գները թարմացրեցին հնգամյա նվազագույն ցուցանիշի ռեկորդը, ինչը պայմանավորված էր ՕՊԵԿ-ի` նավթի օրական արդյունահանման ծավալը պահպանելու վերաբերյալ նոյեմբերի 27-ի որոշմամբ, որից անմիջապես հետո «սև ոսկու» գնանշումները սրընթաց նվազեցին: Այսօրվա դրությամբ`  նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը կազմել է 45,15 դոլար, իսկ Brent տեսակինը` 48,16 դոլար: Հատկանշական է, որ 2008թ. ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամից ի վեր էներգակրի գների այսչափ շեշտակի անկում երբևէ չի արձանագրվել։

Նավթի գների նվազումը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ նավթ արդյունահանող և արտահանող երկրների տնտեսություններին, հատկապես, երբ բյուջետային մուտքերի առյուծի բաժինը կազմում են նավթարդյունահանումից ստացված եկամուտները: Տարբեր կանխատեսումներով` նավթի մեկ բարելի գինը հնարավոր է` 45 դոլարից էլ նվազի:

բաքվում սա դիտվում է որպես ադրբեջանական տնտեսության համար աննախադեպ սպառնալիք և տագնապահարույց ազդանշան: Չնայած իլհամ ալիևի`  դեկտեմբերի 16-ին հնչեցրած հերթական մեծամիտ հայտարարությանը, թե «ադրբեջանում որևէ մեկը չի զգա նավթի գների անկումը», ադրբեջանցի փորձագետ-վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը զգուշացնում է նավթի գների անկումից բխող անդառնալի հետևանքների մասին: Նրանց գնահատմամբ` նավթի գների մինչև 45 դոլար նվազելու դեպքում ադրբեջանը կկորցնի ավելի քան 15 մլրդ դոլար: «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի խոսքով` «կորուստները նվազագույնին հասցնելու համար հարկավոր է անհապաղ ձեռնարկել վճռորոշ միջոցներ»:

ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլհամ Շաբանի կանխատեսումներով` նավթի գների անկումը ամենևին էլ կարճաժամկետ բնույթ չի կրում և այդ ֆոնին` բաքվի եկամուտները կնվազեն ավելի քան 50%-ով: Հում նավթն ապահովում է երկրի արտահանման կառուցվածքի մոտ 86%-ը, որտեղ 82%-ը բաժին է ընկնում ընդամենը մեկ իրավաբանական անձի, այն է` BP-Azerbaijan ընկերությանը: «Ի դեպ, այս մասին, չգիտես ինչու` ոչ ոք երբեք չի ուզում խոսել: Մինչդեռ` այս ցուցանիշով հնարավոր է անգամ Գինեսի գրքում գրանցվել»,- հեգնել է Իլհամ Շաբանը:

Նրա խոսքով` Նավթային հիմնադրամը կառավարության անվտանգության գոտին է, որը ընդամենը մեկ տարվա ընթացքում նեղացել է ավելին, քան երբևէ: Միայն 2014թ. համար Նավթային հիմնադրամը նախատեսել էր ծախսել 14 մլրդ դոլար, այն դեպքում, երբ նավթի գների նվազման արդյունքում` եկամուտները հազիվ թե հասնեին 10 մլրդ դոլարի: Եթե ադրբեջանը 2 տարի առաջ ներկրման համար ծախսում էր մոտ 4 մլրդ դոլար, ապա արդեն 2014-ին այդ ցուցանիշը կրկնապատկվել է` մինչև 8 մլրդ դոլար: «Մենք գնալով ավելի շատ ենք ծախսում ներկրման նպատակներով և պարզապես ուտում ենք նավթադոլարները»,-եզրակացնում է փորձագետը: Ընդ որում` վերջին ամիսներին նկատվում է ադրբեջանի ԿԲ արժութային պահուստների ծավալի շոշափելի կրճատում: Ըստ haqqin.az-ի` նախորդ տարվա արդյունքներով ԿԲ արժութային պահուստները կազմել են 13 758,3  մլն դոլար` 2013թ. դեկտեմբերի 1-ին նկատված 14 996 մլն դոլարի համեմատ: «Ավելի քան մեկ միլիարդ դոլարի կորուստ ընդամենը մեկ ամսում` մեղմ ասած տպավորիչ է», գրում է ադրբեջանական կայքը: Ընդ որում` արժութային պահուստներն անկում են ապրում արդեն մի քանի ամիս անընդմեջ:

Share