Բաժին. Տնտեսական

VivaCell-MTS, Beeline, Orange. Ո՞ր օպերատորն է աշխատում շահույթով, իսկ ո՞րը՝ վնասով

Հայաստանի բջջային կապի օպերատորները` ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Vivacell MTS), «ԱրմենՏել»-ը (Beeline) և «Օրանժ Արմենիա»-ն (Orange) հրապարակել են 2014 թվականի 3-րդ եռամսյակում շարժական բջջային կապի ծառայությունների ոլորտում գրանցված հիմնական ֆինանսական ցուցանիշները:  

Ընկերությունների կողմից ներկայացված ամփոփ տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում շարժական կապի ոլորտում շահույթով են աշխատել ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «ԱրմենՏել»-ը: «Օրանժ Արմենիան»-ն աշխատել է վնասով: Այսպես, հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եռամսյակային շահույթը մինչ հարկումը կազմել է 8 մլրդ 785 մլն  ՀՀ դրամ: «ԱրմենՏել» ընկերության մոտ ցուցանիշը կազմել է 1 մլրդ 832 մլն ՀՀ դրամ: Շարժական բջջային կապի ոլորտում «Օրանժ Արմենիան»-ն կրել է շուրջ 356 մլն ՀՀ դրամի վնաս:

Հաշվետու եռամսյակում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործառնական եկամուտները շարժական կապից և հարակից գործունեությունից կազմել են 22 մլրդ 65,8 մլն ՀՀ դրամ,  «ԱրմենՏել»-ինը՝ 7 մլրդ 157,6 մլն ՀՀ դրամ, իսկ «Օրանժ»-ինը՝  5 մլրդ 997,1 մլն ՀՀ դրամ:

Նշենք, որ 2014 թվականի երկրորդ եռամսյակում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության շահույթը մինչ հարկումը կազմել էր 4 մլրդ 950 մլն ՀՀ դրամ: «ԱրմենՏել» ընկերության մոտ ցուցանիշը կազմել էր 883,27 մլն ՀՀ դրամ: «Օրանժ Արմենիան»-ն կրել էր 535,73 մլն ՀՀ դրամի վնաս:

Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակում՝ հունվար-մարտ ամիսներին, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության շահույթը մինչ հարկումը կազմել էր  4 մլրդ 145,6 մլն ՀՀ դրամ,  «ԱրմենՏել»-ինը՝ 1 մլրդ 210,9 մլն ՀՀ դրամ, իսկ «Օրանժ Արմենիա» ընկերության կրած վնասը կազմել էր 813,6 մլն ՀՀ դրամ:

Share