Բաժին. Տնտեսական

Սամվել Կարապետյան. «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ իմ ընտանիքով և իմ ստեղծած բիզնեսով»

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել Forbes պարբերականի ռուսական խմբագրությանը: «Բիզնես 24»-ը ներկայացնում է այս հարցազրույցի առավել հետաքրքիր հատվածները:

Այսպես, Սամվել Կարապետյանի բնորոշմամբ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հաջողությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով, նախ՝ ընկերությունը շատ հազվադեպ է դիմում բանկերին՝ վարկ ստանալու հարցով: «Տաշիր»-ը իր բիզնեսը զարգացնում է մեծապես շահույթի հաշվին: Իրականացվող ներդրումային ծրագրերի միայն 10%-ն են կազմում վարկային միջոցները: Բացի այդ, Սամվել Կարապետյանը խոստովանել է, որ «Տաշիր» ընկերության նախագծերի հետ կապված ցանկացած որոշում ընդունում է ինքը՝ միանձնյա:

Հարկ է նշել, որ հարցազրույցի ժամանակ Սամվել Կարապետյանը նշել է, որ հպարտ է, որ ինքը հայ է, հպարտ է իր ընտանիքով, երեխաներով և այն բիզնեսով, որը ստեղծել է: Սամվել Կարապետյանի խոսքով՝ մեր ազգը փոքր է, սակայն հպարտ է և իմաստուն: Ռուսաստանի հայկական համայնքի մասին նա ասել է, որ հայերն այստեղ օգնում են միմյանց և երբեք իրար չեն խանգարում:

Նշենք, որ 2014 թվականի տվյալներով, ըստ Forbes-ի գնահատականների, Սամվել Կարապետյանի կարողությունը կազմում է շուրջ 4,3 մլրդ ԱՄՆ դոլար:

Սամվել Կարապետյանը ունի երկու որդի՝ 16 ու 22 տարեկան, և 22-ամյա դուստր:

«Տաշիր» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1990-ական թվականներին և ներդրումային ծրագրեր է իրականացնում շինարարության, էներգետիկայի և անշարժ գույքի ոլորտներում: Խումբն իր մեջ ընդգրկում է շուրջ 200 ընկերություն: «Տաշիր գրուպ»-ի աշխատակիցների թիվը հասնում է 45 հազարի:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Share