Բաժին. Տնտեսական

Բագրատյան. «Ինչո՞ւ եք փակում փոքր բանկերը, ինչո՞ւ եք մարդկանց զրկում աշխատանքից»

Այսօր՝ փետրվարի 24-ին, Հրանտ Բագրատյանը Ազգային Ժողովում ներկայացրել է իր դիտարկումները դեկտեմբերի 30-ին Հայաստանի կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշման վերաբերյալ և մի քանի հարցադրումներ արել:

Իր ելույթում պատգամավորը «կարևորագույն սխալ» և «ձեռառնոցի» է համարել հայաստանյան բանկերի համար կապիտալը նվազագույն չափը 5 մլրդ ՀՀ դրամից 30 մլրդ ՀՀ դրամ դարձնելը՝ նշելով, որ բանկի ընդհանուր կապիտալն ունի պաշտպանողական, կարգավորիչ և օրենսդիր նշանակություն բանկի համար, և այսօր արդեն անցել են ժամանակները, երբ ֆիքսում են մեծ գումարները. բանկերն իրենք պետք է որոշեն՝ որքան վարկ տրամադրել:

Հրանտ Բագրատյանը տեղեկացրել է, որ միայն 6 երկիր կա, որտեղ բանկերի համար ընդհանուր կապիտալի շեմը սահմանված է 30 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարից ավելի բարձր: Այդ երկրներն են, օրինակ, Սինգապուրը, Բահրեյը, Թայվանը, որտեղ կապիտալի սահմանային արտադրողականությունը ցածր է և այս երկրները ցանկանում են կապիտալը արտահանել:

«Ռուսաստանում բանկ բացելու համար անհրաժեշտ է 4 միլիոն դոլար, Հայաստանում՝ 60 միլիոն դոլար: Այսինքն սահմանափակում ենք ու ասում ենք՝ մի բացեք փոքր բանկերը: Բա ո՞նց ենք փոքր բիզնեսը զարգացնելու», – նշել է Հրանտ Բագրատյանը՝ տալով իր հարցադրումները. «Ինչո՞ւ եք թանկացնում վարկավորումը: Ինչո՞ւ եք փակում «Պրոկրեդիտ բանկը» և «Հայկական զարգացման բանկը»: Փոքր են, թող փոքր մնան այդ բանկերը: Ինչո՞ւ ենք մի քանի  հարյուր մարդու զրկում աշխատանքից: Ո՞ւր մնաց խոստումը փոքր ու միջին բիզնեսի մասով»:

Share