Բաժին. Տնտեսական

Forbes. Աշխարհի ամենահարուստ մարդիկ – 2015

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց իր ամենամյա վարկանիշը: Ինչպես և անցյալ տարիներին, այն գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը գնահատվել է շուրջ $79,2 մլրդ: Վարկանիշի երկրորդ տեղում մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմն է, ում կարողությունը Forbes-ը գնահատել է $77,1 մլրդ: Առաջին եռյակը եզրափակում է հայտնի ներդրող և ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը՝ $72,7 մլրդ կարողությամբ:

Zara, Massimo Dutti և մի շարք այլ հայտնի բրենդներ ներկայացնող Inditex ընկերության հիմնական սեփականատեր Ամանսիո Օրտեգան աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում է չորրորդ տեղը: Նրա կարողությունը կազմում է $64,5 մլրդ: Հինգերորդ տեղում Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնն է՝ իր $54,3 մլրդ կարողությամբ:

Forbes-ի վարկանիշում, ընդհանուր առմամբ, ընդգրկվել է 1826 միլիարդատեր: Նրանց համախառն կարողությունը կազմում է $7,05 տրիլիոն, ինչը շուրջ $600 մլրդ-ով ավելի է, քան նախորդ տարվա համադրելի ցուցանիշը: Վարկանիշում ներկայացված է 197 կին: Հարուստ կանանցից ամենահարուստը ամերիկյան Wal-Mart ընկերության համասեփականատեր Կրիստի Ուոլթոնն է: Ընդհանուր վարկանիշում նա 8-րդն է՝ $41,7 մլրդ կարողությամբ:

Վարկանիշի ամենաերիտասարդ մասնակիցը 24-ամյա Էվան Շլիգելն է, ով Snapchat-ի հիմնադիրն է: Նրա կարողությունը գնահատվել է 1,5 մլրդ: Ամենատարեց միլիարդատերը 99-ամյա Դեվիդ Ռոկֆելերն է՝ $3 մլրդ կարողությամբ:

Share