Բաժին. Տնտեսական

2014թ.-ին շահույթով են աշխատել 16, իսկ վնասով՝ 6 բանկ

2014 թվականի ընթացքում մեր երկրի բանկային համակարգի զուտ շահույթը, հաշվարկված ըստ վերահսկողական հաշվետվությունների, կազմել է 21.2 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից: Տարվա ընթացքում շահույթով են աշխատել 16, իսկ վնասով՝ 6 բանկ:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների` 2014 թվականի տասներկու ամիսներին բանկային համակարգի համախառն եկամուտները և համախառն ծախսերը կազմել են համապատասխանաբար 603.7 մլրդ դրամ և 574.1 մլրդ դրամ: Տոկոսային եկամուտների գերակշիռ մասը՝ 84.7%-ը, բաժին է ընկել տնտեսությանը տրամադրված վարկերից ստացված եկամուտներին: Ոչ տոկոսային եկամուտների կազմում մեծ տեսակարար կշիռ են ունեցել ստացված միջնորդավճարներից եկամուտները և արտարժույթի առք ու վաճառքից ստացված զուտ եկամուտները` համապատասխանաբար 45.1% և 22.2%:

Տոկոսային ծախսերի կազմում շարունակել են մեծ տեսակարար կշիռ ունենալ ժամկետային ավանդների գծով տոկոսային ծախսերը և առևտրային բանկերից և ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրաված միջոցների գծով տոկոսային ծախսերը՝ համապատասխանաբար 57.1% և 18.4%: Ոչ տոկոսային ծախսերում զգալի տեսակարար կշիռը՝ 48.8%-ը, բաժին է ընկել աշխատակիցների աշխատավարձին և դրան հավասարեցված այլ վճարներին:

Share