Բաժին. Տնտեսական

Երկու ամսում Հայաստանում շուրջ 4 հազար մարդ դարձել է գործազուրկ

Ընթացիկ տարվա փետրվար ամսվա վերջի դրությամբ Հայաստանում հաշվառվել է շուրջ 69,6 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ: Տարեսկզբի համեմատ մեր երկրում պաշտոնապես գրացված գործազուրկների թիվը աճել է շուրջ 4 հազարով:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` գործազուրկների 25%-ը ներկայացրել է 35-45 տարիքային խումբը: Միևնույն ժամանակ, 45-55 տարիքային խմբում ընդգրկված գոծազուրկները կազմել են գործազուրկների ընդհանուր թվաքանակի շուրջ 21%-ը: Պաշտոնապես գրանցված գործազուրկների շուրջ 16%-ը եղել են 55 և բարձր տարիքային խումբը ներկայացնող և ակտիվորեն աշխատանք փնտրող մարդիկ, 14%-ը՝ 30-34 տարեկան, իսկ 13%-ը` 25-30 տարեկան երիտասարդներ: 20-24 տարիքային խումբը ներկայացնող գործազուրկ երիտասարդները կազմել են 9%, իսկ 16-19 տարեկանները՝ 2%:

Հատկանշական է, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների 50%-ն ունեցել է ընդհանուր միջնակարգ կրթություն, մոտ 20%-ը` միջին մասնագիտական (թերի բարձրագույն), 14%-ը` բարձրագույն (հետբուհական) կրթություն:

Հաշվետու ամսվա վերջի դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների ավելի քան 70%-ը եղել են կանայք:

Share