Բաժին. Տնտեսական

Կանխատեսում. 2030թ.-ին Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կապահովի 3 մլրդ դոլարի եկամուտ

2030 թվականին մեր երկիր կայցելի 3 մլն զբոսաշրջիկ և ոլորտի տարեկան եկամուտը կկազմի մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար: Սրանք այն կանխատեսումներն են, որոնք ընկած են մեր երկրի համար մշակված «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգ»-ի հիմքում: Իհարկե, այս ցուցանիշները ներկայացված են՝ ըստ լավագույն սցենարի: Ցանկալի սցենարի դեպքում ակնկավում է, որ 2030 թվականին մեր երկիր կայցելի մոտ 2 մլն միջազգային զբոսաշրջիկ, իսկ վատագույն սցենարի դեպքում՝ շուրջ 1 մլն միջազգային զբոսաշրջիկ:

Առավել կարճաժամկետ հատվածի համար կանխատեսումներն այսպիսին են. լավագույն սցենարի դեպքում 2020 թվականին մեր երկիր կայցելի 1,5 մլն միջազգային զբոսաշրջիկ, ցանկալի սցենարի դեպքում՝ մոտ 1 մլն զբոսաշրջիկ, իսկ վատագույն սցենարի դեպքում՝ 700-800 հազար զբոսաշրջիկ:

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ոլորտի մասնագետները ակնկալում են, որ մինչև 2030 թվականը մեր երկրի զբոսաշրջության ոլորտը կգրանցի շարունակական աճ և ոլորտի մասնաբաժինը հանրապետության համախառն ներքին արդյունքում կհասնի 12%-ի: Առաջիկա 15 տարվա ընթացքում կաճեն նաև ոլորտում կապիտալ ներդրումները և կկազմեն ընդհանուր ներդրումները մոտ 12,3%-ը: Սպասվում է նաև, որ զբոսաշրջությունը կապահովի 22 հազար 300 աշխատատեղ` կազմելով ընդհանուր զբաղվածության 2%-ը:

 

Share