Բաժին. Տնտեսական

Բանկից հափշտակվել է ավելի քան 65 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում  2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ բանկից խոշոր չափի գումար հափշտակելու համար:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ բանկի երևանյան մասնաճյուղերից մեկի ոսկերիչ-փորձագետը, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, օժանդակել է վերջիններիս պատկանող, բանկի վարկավորման նվազագույն չափանիշներին` 583 հարգին չհամապատասխանող տարբեր տեսակի ոսկյա զարդերը 70 անձանց անուններով բանկում գրավադրմանը:

Քննության տվյալներով՝ բանկի աշխատակիցների վստահությունը չարաշահելով՝ նման ոսկյա զարդերի գրավադրման դիմաց 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բանկից որպես վարկ ստացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 65.300.000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, կատարված խարդախությանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց հայտնաբերելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share