Բաժին. Տնտեսական

Հունվար-հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.2% աճ

Տարվա առաջին յոթ ամսում, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.2% աճ:

Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը, ինչպես նաև արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը և բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը:

Այսպես, ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 14.8%, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 2.4%, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.1%-ով:

Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտում գրանցվել է 0.4% աճ: Առևտրի ոլորտում գրանցվել է անկում. հունվար-հուլիսին առևտրի շրջանառությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 4.7%-ով:

Բացարձակ արտահայտությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 328.38 մլրդ ՀՀ դրամ, արդյունաբերության համախառն արտադրանքը՝ 722.36 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1211.33 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 641.79 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 170.81 մլրդ ՀՀ դրամ:

Համեմատության համար նշենք, որ տարվա առաջին կեսին՝ հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.8% աճ:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 5%:

Share