Բաժին. Տնտեսական

Տարվա առաջին կեսին Հայաստան է ժամանել 489.4 հազար զբոսաշրջիկ

Ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսներին մեր հանրապետություն է ժամանել 256,9 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.8%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Առավել վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում՝ հունվար-մարտին, Հայաստան է ժամանել շուրջ 232,5 հազար զբոսաշրջիկ: 2014 թվականին նույն ժամանակաշրջանում գրանցված ցուցանիշի համեմատ մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը նվազել էր 4.0%-ով:

Այսպիսով, ընթացիկ տարվա առաջին կեսին Հայաստան է ժամանել 489.4 հազար զբոսաշրջիկ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, մասնավորապես Ռուսաստանին, մոտ 30%-ը՝ Եվրամիության երկրներին, մասնավորապես՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա: Հաշվետու ամիսներին զգալի աճել է Իրանից Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների թիվը:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share