Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբերին գրանցվել է տնտեսական ակտիվության 3.7% աճ

Տարվա առաջին ինն ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.7% աճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը, ինչպես նաև արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը և բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը:

Այսպես, ընթացիկ տարվա առաջին ինն ամսում մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 11.3%, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 2.5%, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.8%-ով:

Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտում գրանցվել է 0.1% աճ: Առևտրի ոլորտում գրանցվել է անկում. առևտրի շրջանառությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 5.6%-ով:

Բացարձակ արտահայտությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 710,40 մլրդ ՀՀ դրամ, արդյունաբերության համախառն արտադրանքը՝ 948,317 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1 տրիլիոն 620,63 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 850,81 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 258,89 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 4.7%:

Share