Բաժին. Տնտեսական

Հայաստանն առաջընթաց է գրանցել «Doing Business 2016» զեկույցում

Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի վրա` հնարավորություն տալով իրականացնել միջերկրային համեմատություններ հետազոտված 189 երկրների միջև հետևյալ 10 ոլորտներում`

– ընկերությունների հիմնում,
– շինարարական թույլտվությունների ստացում,
– սեփականության գրանցում,
– վարկերի ստացում,
– էլեկտրականության միացում,
– ներդրողների պաշտպանություն,
– հարկերի վճարում,
– արտաքին առևտուր,
– պայմանագրերի կիրարկում,
– սնանկության ճանաչում:

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 27-ին հրապարակած` «Կարգավորման արդյունավետության և որակի գնահատում» վարկանիշային զեկույցի տվյալներով, որը կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա` Հայաստանը 189 երկրների շարքում նախորդ տարվա հրապարակված արդյունքների (49-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 10, իսկ վերագնահատված  արդյունքներով (38-րդ տեղ) 3 կետով` բարձրանալով 35-րդ տեղը:

«Հեռավորությունը սահմանագծից» ցուցանիշը ենթադրում է, որ բիզնեսով զբաղվելու համար կատարյալ կարգավորումներ ունենալու դեպքում երկիրը կարող է ունենալ 100 միավոր, իսկ վատագույն դեպքում` 0: Համեմատության համար նշենք, որ Հայաստանն այս ցուցանիշով գրանցել է 74,22 միավոր (նախորդ տարվա համեմատ արձանագրելով 1,54% աճ), իսկ վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Սինգապուրը` 87,34:

 

Այս տարի ևս, զեկույցի տվյալներով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում` զիջելով միայն Վրաստանին:

«Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցում ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումներից Համաշխարհային բանկի կողմից հաշվի են առնվել հետևյալ բարեփոխումները`

Արտաքին առևտուր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը:

Պայմանագրերի կիրարկում ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, ինչի արդյունքում բարելավվել է պայմանագրերի կիրարկման որակը:

Շինարարական թույլտվությունների ստացում Ցածր ռիսկային շինարարական նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետահատակագծային նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները:

Զեկույցի բաղադրիչների վերագնահատված արդյունքներ «Գործարարությամբ զբաղվելը 2015» զեկույցում գնահատվող ցուցիչներով Հայաստանը տասը բաղադրիչներից 3-ով գրանցել է առաջընթաց, 5-ով գրանցել է հետընթաց, իսկ 2-ով փոփոխություն չի արձանագրվել: Բաղադրիչներից յուրաքանչյուրով տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները.

1. «Արտաքին առևտուր» – դիրքը բարելավվել է 29 կետով, 58-րդ տեղից բարձրանալով 29-րդ տեղը: Առաջընթացն արձանագրվել է.

– արտահանման և ներմուծման վրա ծախսվող ժամանակի կրճատման հաշվին, մասնավորապես` արտահանման ժամանակը 16 օրից կրճատվել է և սահմանվել է 5 ժամ (սահմանային ընթացակարգերի համար հաշվարկվում է 3 ժամ, իսկ փաստաթղթային ընթացակարգերի համար` 2 ժամ), ներմուծմանը` 18 օրից կրճատվել է և սահմանվել է 5 ժամ (սահմանային ընթացակարգերի համար հաշվարկվում է 3 ժամ, իսկ փաստաթղթային ընթացակարգերի համար` 2 ժամ)
– արտահանման և ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի կրճատման հաշվին, մասնավորապես` արտահանման փաստաթղթերի թիվը 5-ից կրճատվել է դառնալով 4 (հանվել է մաքսային հայտարարագրի ներկայացման պահանջը), ներմուծման փաստաթղթերի թիվը 8-ից կրճատվել է դառնալով 4 (հանվել է փոխադրման ամփոփագրի, մաքսային հայտարարագրի, ծագման երկրի հավաստագրի, ապրանքատրանսպորտային բեռնագրի ներկայացման պահանջը):

2. «Շինարարական թույլտվությունների ստացում» – դիրքը բարելավվել է 10 կետով` 72-րդ տեղից բարձրանալով 62-րդ տեղը: Նշված ցուցիչի մասով կրճատվել է գործընթացների քանակը 1-ով, և ծախսը` 175.000 դրամով (25.000 դրամ` անկախ փորձագետի կողմից շինարարական նախագծի հաստատման պահանջը հանելու արդյունքում, կրճատվել է 100.000 դրամ` Երևանի քաղաքապետարանից շինարարական թույլտվություն ստանալու համար սահմանված վճարի կրճատման արդյունքում` 450.000-ից դառնալով 350.000 դրամ, և 50.000 դրամ` Երևանի քաղաքապետարանից շինարարարության ավարտական ակտ ստանալու համար սահմանված վճարի կրճատման արդյունքում` 150.000-ից դառնալով 100.000 դրամ:

3. «Պայմանագրերի կիրարկում» – դիրքը բարելավվել է 8 կետով` 36-րդ տեղից բարձրանալով 28-րդ տեղը: Առաջընթացն արձանագրվել է ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում, ինչի շնորհիվ դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, ինչի արդյունքում բարելավվել է պայմանագրերի կիրարկման որակը:

4. «Ընկերությունների հիմնում» – դիրքը հետընթաց է արձանագրել 2 կետով` 3-րդ տեղից իջնելով 5-րդ տեղը: Փոփոխությունը տեղի է ունեցել այլ երկրների հետ համեմատության արդյունքում:

5.  «Սնանկության ճանաչում» – դիրքը հետընթաց է արձանագրել 2 կետով` 69-րդ տեղից իջնելով 71-րդ տեղը: Հետընթացն արձանագրվել է ինչպես մեթոդաբանական փոփոխությունների հաշվին, այնպես էլ այլ երկրների հետ համեմատության արդյունքում:

6. «Էլեկտրականության միացում» – դիրքը հետընթաց է արձանագրել 3 կետով` 96-րդ տեղից իջնելով 99-րդ տեղը: Սակայն սույն ցուցիչի մասով կրճատվել է ընթացակարգերի թիվը 1-ով (5-ից դառնալով 4, հանվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից արտաքին և ներքին միացումների ստուգումների իրականացման պահանջը), ինչի արդյունքում կրճատվել է նաև օրերի թիվը` 187-ից դառնալով 180:

7. «Փոքր ներդրողների պաշտպանություն» – դիրքը հետընթաց է արձանագրել 3 կետով` 46-րդ տեղից իջնելով 49-րդ տեղը: Հետընթացն արձանագրվել է ինչպես մեթոդաբանական փոփոխությունների հաշվին, այնպես էլ այլ երկրների հետ համեմատության արդյունքում:

8. «Վարկերի ստացում» – դիրքը հետընթաց է արձանագրել 6 կետով` 36-րդ տեղից իջնելով 42-րդ տեղը: Հետընթացն արձանագրվել է ինչպես մեթոդաբանական փոփոխությունների հաշվին, այնպես էլ այլ երկրների հետ համեմատության արդյունքում:

9. «Հարկերի վճարում» – դիրքի փոփոխություն տեղի չի ունեցել. Հայաստանը շարունակում է զբաղեցնել վերահաշվարկված արդյունքներով 41-րդ տեղը, սակայն հարկային պարտավորությունների իրականացման համար հաշվարկվող ժամանակը կրճատվել է` 321-ից դառնալով 313 օր, մասնավորապես կրճատվել է շահութահարկի մասով հաշվարկվող ժամանակը` 121-ից դառնալով 113 օր:

10. «Սեփականության գրանցում» – դիրքի փոփոխություն տեղի չի ունեցել. Հայաստանը շարունակում է զբաղեցնել վերահաշվարկված արդյունքներով 14-րդ տեղը:

Share