Բաժին. Տնտեսական

Հեռահաղորդակցական ընկերությունները՝ Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկում

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա արդյունքներով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի 4 ընկերություն հայտնվել է մեր երկրի 100 խոշոր հարկատուների ցանկում, ընդ որում՝ 2-ը՝ առաջին տասնյակում:

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ Ղ-Տելեկոմ ընկերությունը (Վիվասել-ՄՏՍ) հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 13.7 մլրդ ՀՀ դրամի հարկեր ու տուրքեր և հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 4-րդ հորիզոնականում:

Վճարված հարկերի ցուցանիշով Արմենիա Տելեֆոն Կոմպանին (Արմենտել, Beeline) 7-րդ հորիզոնականում է (11.8 մլրդ ՀՀ դրամ): Օրանժ-Արմենիան հայտնվել է 34-րդ հորիզոնականում: Ընկերությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե է վճարել 2.66 մլրդ ՀՀ դրամ:

Հայաստանի խոշոր հարկատուների առաջին 100-յակում ընդգրկված 4-րդ ընկերությունը Յուքոմն է, որը հաշվետու ամիսներին պետական բյուջե է վճարել 1,16 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: Ցանկում Յուքոմը 75-րդ հորիզոնականում է:

Նշենք նաև, որ ՋԻ-ԷՆ-ՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է Rostelecom բրենդը, հաշվետու ինն ամսում պետական բյուջե վճարած հարկերի ցուցանիշով հայտնվել է խոշոր հարկատուների ցանկի 217-րդ հորիզոնականում: Ընկերությունը վճարել է շուրջ 400 մլն ՀՀ դրակի հարկեր: 

Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների՝ բջջային կապի 3 օպերատոներին (VivaCell-MTS, Beeline, Orange) և Յուքոմին բաժին է ընկնում մեր երկրի ինտերենտի շուկայի շուրջ 90%-ը:

Share