Բաժին. Տնտեսական

Ո՞րն է հայկական սթարթ-ափերի հաջողության գաղտնիքը

Ռուսական kommersant.ru լրատվական կայքը վերլուծական հոդված է հրապարակել Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում սթարթ-ափերի (start-up) զարգացման, առանձնահատկությունների և հեռանկարների մասին: «Բիզնես 24»-ն ամփոփ ներկայացնում է հոդվածի առավել հետաքրքիր հատվածները:

Ըստ հոդվածի հեղինակի՝ վերջին ժամանակահատվածում վենչուրային ներդրողների շրջանում աճել է հետաքրքրվածությունը նախկին խորհրդային երկրների, այդ թվում և Հայաստանի նկատմամբ, որտեղ «սթարթ-ափերի բում» է:

Մի քանի տարի առաջ հայկական արմատներով ամերիկացի գործարար Ալ Եսայանը այցելեց Հայաստան և շփվելով տարբեր մարդկանց հետ՝ որոշեց Երևանում բացել ԱՄՆ-ում հիմնադրած իր Integrien Corporation ընկերության ներկայացուցչությունը: 2008 թվականին գրասենյակն արդեն գործում էր՝ իր շուրջը համախմբելով բազմաթիվ գիտնականների և մասնագետների: Վերջիններս զբաղվում էին մեծ ծավալով տվյալների վերլուծության, ինչպես նաև օրինաչափությունների բացահայտման և կանխատեսումներ կատարելու համար տարբեր մոդելների մշակմամբ: Սկզբնական շրջանում հայ մասնագետների կողմից մշակված մոդելները փոխանցվում էին ԱՄՆ-ում աշխատող ծրագրավորողներին, ովքեր այդ մոդելների հիման վրա ստեղծում էին ծրագրային արտադրանք: Հետագայում, սակայն, երևանյան գրասենակն ինքը սկսեց զբաղվել կոդավորմամբ և գրանցեց տպավորիչ արդյունքներ: Հայ մասնագետները մշակեցին յուրահատուկ ծրագրային ապահովում՝ տարաբնույթ տվյալների վերլուծության և կանխատեսումներ կատարելու համար: 2010 թվականին ամերիկյան VMware ընկերությունը 100 մլն ԱՄՆ դոլարով գնեց այս սթարթ-ափը և այդ դարձրեց իր գլոբալ բիզնեսի գլխավոր ուղղություններից մեկը:

Երևանյան Integrien սթարթ-ափի պատմությունը ցույց է տալիս, թե որքան ներուժ ունի Հայաստանը, և առաջին հերթին՝ բարձր որակավորմամբ մասնագետների շնորհիվ: Արամ Փախչանյանը, ով ABBYY ընկերության փոխնախագահն է, kommersant.ru-ի հետ զրույցում նշել է, որ վերջին 10 տարիներին Հայաստանում IT ոլորտի զարգացման տեմպերը բավականին բարձր են՝ տարեկան 15-20%: Այսօր Հայաստանի IT ոլորտում աշխատում է շուրջ 15 հազար մասնագետ, և տարեցտարի աճում է բարձր որակավորմամբ մասնագետների պահանջարկը:

Մեկ այլ հետաքրքիր երևանյան սթարթ-ափ է LiveLOOK-ը, որը հիմնադրել էր Իգոր Խալաթյանը: LiveLOOK-ը իրենից ներկայացնում է «ամպային» ծառայություն, որը հնարավորություն է տալիս իրականացնելու վիզուալ տեղեկատվության փոխանակություն իրական ժամանակում: Ընկերության գլխամասը գրանցվել էր ԱՄՆ-ում, իսկ «արտադրական» գրասենյակը գործում էր Երևանում: 2014 թվականին այս սթարթ-ափը վաճառվեց Oracle-ին: Գործարքի արժեքը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ սթարթ-ափի մասնագետների խմբի հիման վրա Oracle ընկերությունը կազմավորել է իր երևանյան գրասենյակը:

Macroscope Consulting ընկերության հիմնադիր Գարի Մարտին Ջոնսոնը հետաքրքիր դիտարկում ունի Հայաստանի IT ոլորտի մասին: Ըստ նրա՝ Հայաստանը նախկին խորհրդային երկրների համատեքստում նման է Իռլանդիայի, որը առավել նորարարական է՝ Եվրոպայի հետ համադրությամբ: Ինչպես իռլանդացիների համար, այնպես էլ հայերի համար ներքին շուկան բավականին փոքր է, և դա է պատճառը, որ հայերը միշտ ձգտում են արտաքին շուկաներ և մտածում են գլոբալ: Բացի այդ, հայերը խելացի են, արագ են կողմորոշվում և հենց այդ պատճառով էլ այսօր բազմաթիվ միջազգային IT ընկերություններ ձգտում են Հայաստանում բացել գրասենյակներ:

Հայաստանում այսօր գործում են սթարթ-ափեր, որոնք ձևավորվել են հետաքրքիր գաղափարների շուրջ և խոստանում են լինել հաջողակ: Այս սթարթ-ափերից են Sololearn-ը, որը հնարավորություն է տալիս սովորել ծրագրավորման լեզուներ, Pixart-ը, որը բջջային հավելվածների գլոբալ շուկայի առաջատարներից մեկն է, ինչպես նաև Joomag-ը, որը թվային ամսագրեր ստեղծելու ծառայություն է:

Share