Հանրային հեռուստատեսությանը տրված հարցազրույցում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն ասել է, որ ԵՏՄ անդամակցության անցումային դրույթների համաձայն Հայաստանն իրավունք ունի ԵՏՄ երկրներից ապրանքներ ներմուծելիս ԱԱՀ գանձել և այդ իրավունքը պահպանելու է:
«Պաշտոնապես հայտարարում եմ` այստեղ որևէ շեղում կամ բացթողում չենք ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան»,- ասել է Արմեն Ալավերդյանը։
Փոխնախարարը հավելել է նաև, որ ավտոմեքենաների նեմուծումից գանձվող 44-45 մլրդ դրամի փոխարեն անցյալ տարի գանձվել է միայն 22 մլրդ, մնացած ավտեմեքենաները պարզապես ներկրվել են Ռուսաստանից, ինչի պատճառով էլ ՀՀ պետբյուջեն 20 մլրդից ավել գումար է կորցրել։
«ԵՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ ներմուծելիս սահմանի վրա մաքսատուրք չի գանձվում, սակայն գանձվում է ԱԱՀ: Տարբերությունն այն է, որ եթե Գերմանիայից է ներմուծվում, ապա այս պահին այդ գումարը գանձվում է տասն օրվա ընթացքում, իսկ երբ ավտոմեքենան ներմուծվում է ՌԴ-ից, գումարը կարող է վճարվել ներմուծման ամսվան հաջորդող ամսի 20-ը», – մանրամասնել է Արմեն Ալավերդյանը։
Մեր կողմից հավելենք, որ շատերը «շրջանցում» են ԱԱՀ գանձումը՝ ՌԴ-ից ձեռք բերված մեքենաները գրանցելով Ռուսաստանում և ազատ վարելով Հայաստանում։ Դա է պատճառը, որ վերջին տարում Հանրապետությունում կտրուկ աճել են ռուսական պետահամարանիշերով մեքենաների թիվը։