Բաժին. Տնտեսական

Fitch. այս տարի Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 3.3%-ով

Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը Ադրբեջանում 2016 թվականին ՀՆԱ-ի 3,3 տոկոս մակարդակի անկում է կանխատեսում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով գործակալության հաղորդագրությանը:

«Ադրբեջանի իրական ՀՆԱ-ն 2016 թվականին 3,3 տոկոսով կկրճատվի: Ոչ նավթային հատվածը կկրճատվի 4 տոկոսով, քանի որ ադրբեջանական կառավարությունը սահմանափակում է ծախսերը, բանկային վարկավորումը մոտ է դադարեցվելուն, իսկ սպառողների վստահությունն ու գնողունակությունն ընկնում  են: Այդքանով հանդերձ, ծախսերի անկման մեծ մասը պետք է փակվի ներկրման կրճատման հաշվին», -նշում է գործակալությունը:

Fitch-ը գտնում է, որ Ադրբեջանում նավթի արդյունահանումը կպահպանի կրճատման նկատմամբ միտումը:

Fitch-ի գնահատականներով` Ադրբեջանում միջին տարեկան արժեզրկումը 2016 թվականին կարագանա մինչեւ 14 տոկոս` 2015 թվականին եղած 4 տոկոսի դիմաց:

Ավելի վաղ նշվել է, որ, Standart & Poor`s վարկանիշային գործակալության կանխատեսումներով, Ադրբեջանում 2016 թվականին ՀՆԱ-ի անկումը կկազմի 1 տոկոս, Իսկ Moody`s վարկանիշային գործակալությունն անկումը կանխատեսում է 0,7 տոկոս:

Ադրբեջանի կառավարությունը 2016 թվականի ՀՆԱ-ի 1,8 տոկոս աճ է կանխատեսում: 2016 թվականի հունվարին Ադրբեջանում տնտեսական անկումը կազմել է 3,3 տոկոս: 2015 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել էր 1,1 տոկոս:

Միջազգային Fitch Ratings եւ Standart & Poor`s վարկանիշային գործակալությունները Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան եւ ազգային արտարժույթներով «BBB-» մակարդակից իջեցրել են մինչեւ «աղբային»` «BB+» մակարդակի:

Ադրբեջանի վարկային վարկանիշը փետրվարի սկզբին մեկ մակարդակով` ներդրումայինից ցածր` «Ba1» մակարդակի իջեցրել է նաեւ Mood`s վարկանիշային գործակալությունը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

Ադրբեջանի արտաքին պետական պարտքը 2015 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է մոտ 7 մլրդ դոլար: «Թուրան»-ը հաղորդել է, որ 2016 թվականի փետրվարի 20-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը 6,4 տոկոսով աճել է:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Share