Բաժին. Տնտեսական

Հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.7%-ով

Ընթացիկ տարվա հունվար – փետրվարին, 2015թ․ նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.7%
աճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի, արդյունաբերական արտադրանքի, շինարարության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը։

Այսպես, ընթացիկ տարվա առաջին ամսում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 2.5%, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.9%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 9.8%-ով, իսկ շինարարության ոլորտում արձանագրվել է 2.1% աճ: Միևնույն ժամանակ, առևտրի ոլորտում արձանագրվել է 1.8% անկում:

Բացարձակ արտահայտությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 40.740 մլրդ ՀՀ դրամ, արդյունաբերության համախառն արտադրանքը՝
194.105 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 264.261 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 173.787 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 20.459 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ հաշվետու ժամանակաշրջանում սպառողական գների ինդեքսի անկումը կազմել է 1.1%:

Share