Բաժին. Տնտեսական

Որքա՞ն եկամուտ են ապահովել Vivacell MTS-ը, Beeline-ը և Orange-ը

Հայաստանի բջջային կապի օպերատորները` ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Vivacell MTS), «ԱրմենՏել»-ը (Beeline) և «Օրանժ Արմենիա»-ն (Orange) հրապարակել են 2015 ֆինանսական տարվա արդյունքներով շարժական բջջային կապի ծառայությունների ոլորտում գրանցված հիմնական ֆինանսական ցուցանիշները:  

Ընկերությունների կողմից ներկայացված ամփոփ տվյալների համաձայն՝ հաշվետու տարում, «ըստ ձևավորված ավանդույթի», ամենաբարձր եկամուտն ապահովել է  ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ 71.2 մլրդ ՀՀ դրամ:

Շարժական կապից և հարակից գործունեությունից ստացված եկամուտի ցուցանիշով երկրորդ տեղում «ԱրմենՏել»-ն է: Ընկերության մոտ ցուցանիշը կազմել է 25.4 մլրդ ՀՀ դրամ:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների ոլորտում ապահովել է 20.5 մլրդ ՀՀ դրամի գործառնական եկամուտ:

Հատկանշական է, որ երեք օպերատորների մոտ եկամուտների ընդհանուր կառուցվածքում առավել մեծ մասնաբաժին են ապահովել ձայնային ծառայություններից եկամուտները:

Հարկ է նշել նաև, որ 2015 թվականի արդյունքներով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տարեկան շահույթը մինչ հարկումը կազմել է 20.5 մլրդ ՀՀ դրամ: «ԱրմենՏել» ընկերության մոտ ցուցանիշը կազմել է 5.96 մլրդ ՀՀ դրամ: «Օրանժ Արմենիան»-ն կրել է շուրջ 3.68 մլրդ ՀՀ դրամի վնաս:

Հիշեցնենք, որ 2015 թվականը մեր երկրի բջջային կապի ծառայությունների շուկայի համար շրջադարձային էր՝ պայմանավորված Հայաստանից ֆրանսիական France Télécom խմբի հեռացմամբ և Ucom ընկերության կողմից «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերմամբ:

Share