Բաժին. Տնտեսական

Ինչո՞ւ հայկական IT ընկերություններին չի «գոհացնում» տեղական շուկան

2015 թվականին մեր երկրի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում ներքին շուկայի ծավալը հասել է մոտ 344.7 միլիոն ԱՄՆ դոլարի՝ կազմելով ոլորտի ընդհանուր ցուցանիշի 61%-ը: 2014 թվականի համեմատ մասնաբաժնի ցուցանիշը գրանցել է անկում, ինչը, ըստ ոլորտի վերլուծաբանների, պայմանավորված է արտահանման ծավալների ավելացմամբ և հեռահաղորդակցության ոլորտի աճի տեմպերի նվազմամբ:

Ընդհանուր առմամբ, ներքին շուկայում իրացման ծավալները 2010 թվականից ի վեր աճել են ավելի քան 253%-ով, ինչը մեծապես պայմանավորված է ինտերնետային ծառայությունների ոլորտի զգալի աճով:

Ըստ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած տվյալների՝ ծրագրային ապահովման սեգմենտի մասնաբաժինը ներքին շուկայում 61% է, իսկ ինտերնետ ծառայությունների սեգմենտի մասնաբաժինը կազմել է 39%` ապահովելով 133.6 միլիոն ԱՄՆ դոլար՝ շուկայի ընդհանուր եկամուտների մեջ:

Ինտերնետ ծառայություններ մատուցող տեղական ընկերությունների մասնաբաժինը և ընդհանուր առմամբ ինտերնետային ծառայությունների շուկան զգալի մեծացել են ինտերնետ կապի նոր խոշոր պրովայդերների շուկա մուտք գործելու և հեռահաղորդակցության ընկերությունների ձեռքբերման գործարքների արդյունքում:

Բացի այդ, ոլորտի շրջանառության ծավալները եռապատկվել են վերջին հինգ տարվա ընթացքում: Պատճառն այլ բնագավառներում ՏՏ ոլորտի ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճն է:

Ներքին շուկայում ծառայությունների պահանջարկի աճի միտում է նկատվում՝ թեև բավականին դանդաղ, ինչը պայմանավորված է որոշակի հանգամանքներով, որոնցից են ներքին շուկայի սահմանափակվածությունը, ցածր աշխատավարձերը, արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների ցածր պահանջարկը, ֆինանսական խոչընդոտները, ծրագրային ապահովման անօրինական օգտագործման մեծ ծավալները (հենությունը) և այլ գործոններ:

Տեղական շուկայում հարաբերականորեն ցածր պահանջարկը քիչ է խրախուսում հայկական ՏՀՏ ոլորտի ընկերություններին` մշակելու փաթեթային ծրագրաշարեր կամ առաջարկելու նոր և ավելի որակյալ ծառայություններ: Տեղական շուկայում վաճառվող ծրագրային փաթեթների մեծամասնությունը կազմում են խոշոր ձեռնարկությունների և բանկերի համար հաշվապահական ու ֆինանսական ծրագրերը: Մեծ պահանջարկ ունեցող այլ արտադրանքների ու ծառայությունների թվում են նաև ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորման ծրագրային լուծումները, էլեկտրոնային առևտուրը, վեբ ծրագրավորման ծառայությունները, առողջապահության ոլորտի օժանդակ ծրագրերն ու հեռակա ուսուցման ծրագրերը:

Share