Բաժին. Տնտեսական

Պայքար մենաշնորհների դեմ․ վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության` մայիսի 12-ի նիստում հանձնարարեց առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումներ: Վարչապետի խոսքով՝ տարբեր խնդիրների լուծումները արդյունավետ չեն լինի, եթե մեր երկրում չկարողանանք ապահովել կայուն և երկարատև տնտեսական աճ: «Այն պետք է բերի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը, ստեղծի նոր աշխատատեղեր և մեղմի սոցիալական լարվածությունը: Վերջին երկու տարիներին բազմիցս բախվել եմ հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձևավորված մենաշնորհների դեմ: Միևնույն ժամանակ ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետևողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում և ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն: Թերությունը ուղղելու ժամանակն է: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին և առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը, իսկ նոր վերակազմավորված Պետական եկամուտների կոմիտեին՝ շարունակել ակտիվ և հետևողական աշխատանքներ իրականացնել՝ ուղղված բյուջեի հարկային եկամուտների ապահովմանը, ՓՄՁ-ների նկատմամբ մեղմ վարչարարության իրականացմանը, մաքսային և հարկային ոլորտներում ռիսկերի արդյունավետ կառավարմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության անհարկի միջամտության երևույթների վերացմանը, տնտեսվարման հավասար պայմանների ապահովմանը: Վստահեցնում եմ, որ այս հարցում բացի տնտեսական նպատակահարմարությունից մենք որևէ այլ չափորոշիչով չենք առաջնորդվելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ ընդգծեց. կառավարությունն ունի բավական քաղաքական կամք՝ կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը: Ըստ նրա՝ այսուհետ պարբերաբար խոսելու են կատարված քայլերի մասին և գնահատելու միայն դրանց շատ կոնկրետ արդյունքները:

Share