Բաժին. Տնտեսական

Հունվար-ապրիլին գրանցվել է տնտեսական ակտիվության 6% աճ

Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում՝ հունվար-ապրիլին, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 6% աճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը և բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը:

Այսպես, հունվար-ապրիլին մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է շուրջ 9%: Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 4%, շինարարության ոլորտում գրանցվել է ավելի քան 7% անկում, իսկ առևտրի ոլորտում արձանագրվել է մոտ 1% անկում:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 420.98 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 117.71 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 600.17 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝  368.17 մլրդ ՀՀ դրամ,  իսկ շինարարության ծավալը՝ 61.88 մլրդ ՀՀ դրամ:

Հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.5%:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.10% աճ:

Share