Բաժին. Տնտեսական

Հունվար-մայիսին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 5.5% աճ

Հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի անկում: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 5.5%-ով: Նշենք, որ հունվար-ապրիլին գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 6% աճ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը և բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը: Այսպես, հունվար-մայիսին մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.8%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 8.6%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.7%, շինարարության ոլորտում գրանցվել է շուրջ 8% անկում, իսկ առևտրի շրջանառությունը պահպանվել է գրեթե այն նույն մակարդակում, ինչ գրանցվել էր նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 533.47 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 175.14 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝  774.33 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝  468.04 մլրդ ՀՀ դրամ,  իսկ շինարարության ծավալը՝ 90.37 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.4%:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.1% աճ:

Share