Բաժին. Տնտեսական

Տարվա առաջին կեսին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.8% աճ

Հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի անկում: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.8%-ով: Համեմատության համար նշենք, որ հունվար-մայիսին ցուցանիշը կազմել էր 5.5%:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը և բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը: Այսպես, տարվա առաջին կեսին մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.9%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 8.3%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 3.3%, շինարարության ոլորտում գրանցվել է շուրջ 8% անկում, իսկ առևտրի շրջանառությունը պահպանվել է գրեթե այն նույն մակարդակում, ինչ գրանցվել էր նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 659.66 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 254.27 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝  973.48 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝  579.11 մլրդ ՀՀ դրամ,  իսկ շինարարության ծավալը՝ 125.08 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.5%:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.1% աճ:

Share