Բաժին. Տնտեսական

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ 2016թ. I կիսամյակ. Ով որքան հարկ է վճարել

Այս տարվա առաջին կեսի արդյունքներով մեր երկրի խոշոր հարկատու ընկերությունների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե է վճարել 24.56 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հարկային ծառայությունից՝ հաշվետու վեց ամիսների արդյունքներով խոշոր հարկատուների առաջին եռյակում հայտնվել են նաև «Գրանդ-Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որոնք պետբյուջե են վճարել համապատասխանաբար 11.82 մլրդ ՀՀ դրամ և 9.22 մլրդ ՀՀ դրամ:

2016 ֆինանսական տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի 4-րդ հորիզոնականում «Թեղուտ»-ն է՝ 7.84 մլրդ ՀՀ դրամ, իսկ 5-րդ հորիզոնականում  «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ 7.30 մլրդ ՀՀ դրամ:

Իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև  «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ը (6.19 մլրդ ՀՀ դրամ), «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն (5.93 մլրդ ՀՀ դրամ), «Ֆլեշ» ընկերությունը (5.83 մլրդ ՀՀ դրամ) և «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը (5.59 մլրդ ՀՀ դրամ):

Առաջին տասնյակը եզրափակում է «Հայկական Ատոմային Էլեկտրակայան»-ը, որը հաշվետու վեց ամսում պետբյուջե է վճարել 5.47 մլրդ ՀՀ դրամի հարկեր ու տուրքեր:

Ընդհանուր առմամբ, հունվար-հունիսին մեր երկրի 10 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել միասին շուրջ 90 մլրդ ՀՀ դրամ:

Share