Բաժին. Տնտեսական

Forbes. աշխարհի IT-միլիարդատերերի կարողությունը վերջին տարում աճել Է 6%-ով

Աշխարհի IT ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 6 տոկոսով՝ մինչեւ 892 մլրդ դոլար: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետեւում է Forbes գործարար հրատարակության՝ օգոստոսի 10-ին հրապարակված վարկանիշից:

Ինչպես եւ անցած տարի, վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել է Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը հանդեսի կողմից գնահատվում է 78 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Amazon. com ինտերնետ-ընկերության ղեկավար եւ Blue Origin օդատիեզերական ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսն է՝ 66,2 մլրդ դոլար կարողությամբ: 2015 թվականին երկրորդ տեղում Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնն էր: Երրորդ հորիզոնականում Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է՝ 54 մլրդ դոլար կարողությամբ:

Վարկանիշի չորրորդ տեղում հայտնվել է արդեն հիշատակված Էլիսոնը (51,7 մլրդ դոլար): Հինգերորդ եւ վեցերորդ տեղերում, ինչպես եւ առաջ, մնացել են Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջը (39 մլրդ դոլար) եւ Սերգեյ Բրինը (38,2 մլրդ դոլար):

Ընդհանուր առմամբ վարկանիշի թոփ-5-ի մասնակիցները տարվա ընթացքում իրենց կարողությունն ավելացրել են 36,9 մլրդ դոլարով, ինչը կազմում է 2016 թվականի ցուցակում տեղ գտած բոլոր միլիարդատերերի ընդհանուր կարողության աճի մոտավորապես երկու երրորդը:

Այս տարի ութերորդ տեղից յոթերորդն է բարձրացել Սթիվ Բալմերը՝ Microsoft-ի նախկին գլխավոր տնօրենը (27,7 մլրդ դոլար): Alibaba Group-ի համահիմնադիր Ջեք Մոն (25,8 մլրդ դոլար), ընդհակառակը, յոթերորդից իջել է ութերորդ տեղ:Tencent-ի ղեկավար Մա Հուատենը (22 մլրդ դոլար) իններորդ տեղում է: Մինչդեռ 2015 թվականին նա առաջին տասնյակի մեջ չէր մտնում: Forbes-ի վարկանիշի տասներորդ հորիզոնականում մնացել է Dell-ի հիմնադիր Մայքլ Դելլը (20 մլրդ դոլար):

2016 թվականին IT ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշում նվազագույն կարողությունը կազմում է 2,2 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 2 միլիարդից հետո: Ընդսմին նշվում է, որ վարկանիշի 53 մասնակիցներ ավելի են հարստացել տարվա ընթացքում այն դեպքում, երբ 27 միլիարդատերերի կարողությունը նվազել է: Բացի այդ, վարկանիշում հայտնվել են 12 նոր IT-միլիարդատերեր:

Share