Բաժին. Տնտեսական

Էննի Սաֆոյանը ստեղծել է ՏՏ ընկերություն, որն այս տարի կապահովի 65 մլն դոլարի եկամուտ

Էննի Սաֆոյանը (Annie Safoian), ով 1987 թվականին ամուսնու և որդու հետ Հայաստանից տեղափոխվել էր Լոս Անջելես, այսօր իր ընտանիքի հետ միասին ղեկավարում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող SADA Systems ընկերությունը: Վերջինս որպես վերավաճառող համագործակցում է Google և Microsoft ընկերությունների հետ, և ինչպես հաղորդում է Business Insider-ը՝ այս տարի կարող է ապահովել 65 մլն դոլարի եկամուտ: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին ընկերության եկամուտները կազմել էին 50 մլն ԱՄՆ դոլար:

Business Insider-ին տված հարցազրույցում Էննի Սաֆոյանը նշել է, որ տեղափոխվելով ԱՄՆ՝ ինքը հետաքրքրվել է վեբ-դիզայնով, իսկ ամուսինը սկսել է աշխատել որպես ծրագրավորող: Հետագայում նրանք հիմնել են SADA Systems ընկերությունը և զբաղվել տեղեկատվական համակարգերի ու փոքր բիզնեսի համար ցանցերի կառավարմամբ:

2007 թվականին SADA Systems-ը սկսել է համագործակցել Google-ի հետ և զբաղվել հավելվածների վերավաճառքով: Ավելի ուշ ընկերությունը մեկնարկել է համանման համագործակցություն Microsoft ընկերության հետ: Այսօր SADA Systems-ը իր ոլորտում կայացած և մեծ հաջողություններ գրանցած ընկերություն է:

Share