Բաժին. Տնտեսական

Հայ գործարարի մասնավոր թռիչքներ պատվիրելու ծառայությունը ներգրավել է 105 մլն դոլարի ներդրում

Մասնավոր ինքնաթիռների տոմսերի ամրագրման ծառայություն առաջարկող JetSmarter ընկերությունը, որի հիմնադիրը ծնունդով Մոսկվայից, ներկայում ԱՄՆ-ում բնակվող հայ գործարար Սերգեյ Պետրոսովն է, ներգրավել է շուրջ 105 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար նախնական գնահատման դեպքում:

Ինչպես հաղորդում է TechCrunch-ը՝ ներդրումների ներգրավման փուլում մասնակցել են արաբական ներդրումային հիմնադրամներ, ավիացիոն բիզնեսի ոլորտում գործող JetEdge օպերատորը, KZ Capital ֆոնդը և այլ ընկերություններ: Ֆինանսավորմանը մասնակցել են նաև այս բիզնես-նախագծի նախկին ներդրողները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայից թագավորական ընտանիք և ռեփեր Jay Z-ին:

Ներդրումային միջոցներն ուղղվելու են Ասիայի և Լատինական Ամերիկայի շուկաներում ծառայությունը տարածելուն, ինչպես նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում նոր ավիաուղղություններ գործարկելուն:

Գործարքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվում:

Նշենք, որ այժմ JetSmarter ծառայության հավելվածի միջոցով կարելի է մասնավոր ինքնաթիռներում տեղեր ամրագրել ԱՄՆ-ից դեպի Եվրոպա, Մոսկվա, Մերձավոր Արևելք թռիչքների համար:

Սպասվում է, որ մինչև 2017 թվականի ավարտը ծառայությունը հասանելի կլինի շուրջ 100 երկրում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարին JetSmarter-ը 26 մլն ԱՄՆ դոլարի ներդրում էր ներգրավել Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքից, իսկ 2015 թվականի հուլիսին` 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքից և Jay Z ռեփերից:

JetSmarter ծառայությունը Սերգեյ Պետրոսովը գործարկել է 2012 թվականին: Ծառայությունն աշխատում է empty legs մոդելով` առաջարկելով մասնավոր ավիաչվերթում տոմս ձեռք բերելու հնարավորություն, եթե մասնավոր չվերթ իրականացնող ինքնաթիռոում ազատ տեղեր կան, կամ եթե երթուղու հատվածներից մեկում թռիչքն իրականացվում է առանց ուղևորների:

Share