Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2018թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարած հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Հրապարակված ցուցանիշների համաձայն, խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 24.64 մլրդ դրամ՝ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 152.7%-ով կամ 9.75 մլրդ դրամով։
Երկրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 20.74 մլրդ դրամ հարկ՝ 2017թ. առաջին կիսամյակի համեմատ -3.73 մլրդ դրամ կամ -15.26%։ Եռյակը եզրափակում է Գրանդ Տոբակոն՝ 16.70 մլրդ դրամ հարկ՝ 2017թ. առաջին կիսամյակի համեմատ՝ +2.09 մլրդ կամ +14.31%։
Չորրորդ տեղում է Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը, որը պետբյուջե է վճարել 8.87 մլրդ դրամ հարկ՝ 2017թ. առաջին կիսամյակի համեմատ՝ +0.71 մլրդ դրամ կամ +8.67%։ «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը 5-րդ հորիզանականում է, էներգակիրների ներմուծմամբ զբաղվող ընկերությունը բյուջե է մուծել 8.17 մլրդ դրամ հարկ, 2017թ. առաջին կիսամյակի համեմատ արձանագրվել է աճ 1.98 մլրդ դրամով կամ 31.99%-ով։
Վեցերորդ տեղում է Դիլիպ Մորիս Արմենիան՝ 8.16 մլրդ դրամ՝ +3.03 մլրդ կամ +59.10%։ Յոթերորդ տեղում է Ալեքս Հոլդինգը՝ 7.68 մլրդ դրամ՝ -3.585 մլրդ կամ -31.83%։ Ջեյ Թի Այ Արմենիան ութերորդն է՝ 7.08 մլրդ դրամ՝ +3.09 մլրդ դրամ կամ +77.36%։ Հայաստանի էլեկտրական Ցանցերն իններորդն է՝ 6.52 մլրդ դրամ՝ -5.36 մլրդ դրամ կամ -45.13%։ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը բյուջե է վճարել 5.84 մլրդ դրամ՝ +0.4% կամ +11.18 մլրդ դրամ։
Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 114.39 մլրդ դրամ հարկ, ինչը 2017թ.-ի համանման ցուցանիշից ավել է 11.57 մլրդ դրամով կամ 11.25%-ով։
Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 274.45 մլրդ դրամ է, ինչը 40.29 մլրդ դրամով կամ 11.57%-ով գերազանցում է 2017թ.-ի համանման ցուցանիշը։
Առաջին 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 446.11 մլրդ դրամ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 67.63 մլրդ դրամով կամ 17.87%-ով։