Բաժին. Տնտեսական

ԶԵԿՈՒՅՑ. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԲԱՐՁՐ

Կոռուպցիայի մակարդակը Հայաստանում դեռևս շարունակում է մնալ բարձր: Մեր երկիրը կոռուպցիայի ընկալման ցուցանիշով աշխարհի 182 երկրների շարքում 129-րդ է: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (Transparency International, TI) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության` այսօր` դեկտեմբերի 1-ին, հրապարակած զեկույցի համաձայն` Հայաստանի 2011 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը կազմում է 2.6, և մեր երկիրն այս ցուցանիշով 129-րդ հորիզոնականը կիսում է Դոմինիկյան Հանրապետության, Հոնդուրասի, Ֆիլիպինների և Սիրիայի հետ:

Ըստ զեկույցի տվյալների` այս տարի կոռուպցիայի ընկալման համաթիվն ամենաբարձրն է Նոր Զելանդիայում` 9.5, Դանիայում` 9.4, Ֆինլանդիայում` 9.4, Շվեդիայում` 9.3 և Սինգապուրում` 9.2: Այս երկրներն այսօր համարվում են աշխարհի ամենաչկոռումպացված երկրները: Միևնույն ժամանակ, կոռուպցիայի բարձր մակարդակ է գրանցվել Սոմալիում` 1.0 և Հյուսիսային Կորեայում` 1.0, որոնք և եզրափակում են կոռուպցիայի ընկալման համաթվով դասակարգված երկրների վարկանիշը:

Տարածաշրջանում գրանցվել են հետևյալ արդյունքները. Վրաստանը հայտնվել է 64-րդ տեղում (կոռուպցիայի ընկալման համաթիվը` 4.1), Ադրբեջանը` 143-րդն է (2.4), Թուրքիան` 61-րդն է (4.2), իսկ Իրանը`  120-րդն է (2.7):

Նշենք, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը յուրաքանչյուր երկրի համար գնահատվում է  0-10 սանդղակով, որտեղ 0-ն` բացարձապես կոռումպացված, իսկ 10-ը` բացարձակապես չկոռումպացված լինելու ընկալումն է:  Համաթվով չափվում է տվյալ երկրի հանրային ոլորտի կոռումպացված լինելու աստիճանի ընկալումը: Այն կազմվում է հեղինակավոր կազմակերպությունների կողմից փորձագետների եւ գործարարների շրջանում իրականացված ուսումնասիրություններից ստացված համաթվերի համակցության արդյունքում:

Share