Բաժին. Տնտեսական

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 7%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Երևան քաղաքի` ըստ վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի համաձայն մայրաքաղաքում 2011 թվականի հուլիս ամսվա արդյունքներով նախորդ տարվա այս նույն ամսվա համեմատությամբ գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների անկում: 

Այսպես, հաշվետու ամսում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոն վարչական շրջանում` 440.2 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ այս վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի գինը նվազել է շուրջ 7%-ով:

Մայրաքաղաքային բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց համեմատաբար բարձր գներ են սահմանվել նաև Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում: Այս վարչական շրջաններում բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է համապատասխանաբար 344.6 հազար և 262.5 հազար դրամ: Տարեկան կտրվածքով այս երկու վարչական շրջաններում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների անկում` 9-11%-ի սահմաններում:

Նոր-Նորքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց միջին գինը կազմել է 226.3 հազար դրամ, Ավանում` 240.4 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում` 240.0 հազար դրամ, Շենգավիթում` 223.8 հազար դրամ, Դավթաշենում` 260.4 հազար դրամ, Աջափնյակում` 224.8 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում` 225.7 հազար դրամ, Նուբարաշենում` 146.4 հազար դրամ:

Նշենք, որ հուլիսին տարեկան կտրվածքով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց միջին գնի անկում գրանցվել է Երևանի բոլոր վարչական շրջանում: Արդյունքում, Երեւանում մեկ տարվա ընթացքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գինը նվազել է շուրջ 7%-ով և կազմել 257.7 հազար դրամ:

Share