Բաժին. Ֆինանսական

Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2020թ. III եռամսյակ. առաջատարը Գրանդ Տոբակոն է

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գրանդ Տոբակոն։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 36.21 մլրդ դրամ՝ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 10.08%-ով կամ 4.06 մլրդ դրամով։ 2019թ.-ին III եռամսյակում Գրանդ Տոբակոն երկրորդն էր։

Երկրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 34.87 մլրդ դրամ հարկ՝ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.24 մլրդ դրամով կամ 3.70%-ով։ 2019թ. III եռամսյակում Գազպրոմ Արմենիան երրորդն էր։

Եռյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 31.31 մլրդ դրամ հարկ՝ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -9.28 մլրդ կամ -22.87%։ 2019թ III եռամսյակում ընկերությունն առաջինն էր։

Չորրորդ տեղում է Գեոպրոմայնինգ Գոլդը, որը պետբյուջե է վճարել 16.26 մլրդ դրամ հարկ՝ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 3.74 մլրդ դրամով կամ 29.87%-ով։ 2019թ. III եռամսյակում ընկերությունը 5-րդն էր։

Հինգերորդ տեղում է ՍիՓիԷս Օիլը՝ 14.36 մլրդ դրամով և արձանագրած 5.26 մլրդ կամ +57.74% աճով։ 2019թ. III եռամսյակում ընկերությունը 10-րդն էր։

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը 6-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 12.72 մլրդ դրամ հարկ, 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.63 մլրդ դրամով կամ 4.75%-ով։ 2019թ. III եռամսյակում ընկերությունը 4-րդն էր։

Ֆլեշը յոթերորդն է՝ 11.95 մլրդ դրամ՝ +1.2 մլրդ կամ +11.19%։ 2019թ III եռամսյակում ընկերությունը ցուցակի 6-րդ հորիզոնականում էր։

Ֆիլիպ Մորիս Արմենիան 8-րդն է՝ 10.52 մլրդ դրամ՝ +0.82 մլրդ դրամ կամ +8.42%։ 2019թ. III եռամսյակում ընկերությունը ցուցակի 8-րդ հորիզոնականում էր։

ՄՏՍ Հայաստանը իններորդն է՝ 10.36 մլրդ դրամ՝ +3.7 մլրդ դրամ կամ +55.65%։ 2019թ III եռամսյակում ընկերությունը ցուցակի 16-րդ հորիզոնականում էր։

Հայաստանի Էլեկտրական Ցանցերը եզրափակում է տասնյակը՝ 9.03 մլրդ դրամ՝ -1.50 մլրդ դրամ կամ -14.23%։ 2019թ III եռամսյակում ընկերությունը ցուցակի 7-րդ հորիզոնականում էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3 ներկայացնում են էներգակիրների, 3՝ ծխախոտագործության, 2 ընկերությամբ ներկայացված է հանքարդյունաբերության, ևս մեկական ներկայացուցիչ ունեն հեռահաղորդակցության և էներգետիկայի ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 187.61 մլրդ դրամ հարկ, ինչը տասնյակում տեղ զբաղեցրած ընկերությունների 2019թ. համադրելի ցուցանիշից ավել է 0.48 մլրդ դրամով կամ 0.26%-ով, իսկ 2019թ. նշված ժամանակահատվածի առաջին տասնյակի կողմից արձանագրված ցուցանիշից պակաս է 2.13 մլրդ դրամով կամ 1.12%-ով։

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 433.54 մլրդ դրամ է, ինչը 34.31 մլրդ դրամով կամ 7.33%-ով պակաս է 2019թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 721.4 մլրդ դրամ, ինչը 2019թ. համադրելի ցուցանիշից պակաս է 43.16 մլրդ դրամով կամ 5.65%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 26.01%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 60.1%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 20/10/20 դրությամբ՝ 493.33 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 380.29 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 878.8 մլն դոլար և 1000-ի կողմից՝ 1.46 մլրդ դոլար։

Share