Բաժին. Ֆինանսական

2020թ.-ին ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 5.44%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։

ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 10-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 13.01 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 31.61%-ով կամ 3.12 մլրդ դրամով։

ՏԵԼԵԿՈՄ Արմենիան (Beeline) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 12-րդ հորիզոնականը։ 2020թ.-ին ընկերությունը մուծել է 8.84 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 27.78%-ով կամ 3.4 մլրդ դրամով։

13-րդ հորիզոնականում Յուքոմն (Ucom) է: Ընկերությունը մուծել է 8.23 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 7.99%-ով կամ 0.71 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 121-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.56 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 34.79%-ով կամ 0.83 մլրդ դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 31.64 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1.82 մլրդ դրամով կամ 5.44%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 3.20%-ը։ 2019թ.-ի համանման ցուցանիշը 3.15% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 22/01/21 դրությամբ՝ 518.44 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 61.03 մլն դոլար։

Share