Բաժին. Ֆինանսական

AMX-ը ճանաչվել է Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա

Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի ֆոնդային բորսան ճանաչվել է «Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա»` ըստ բրիտանական Global Banking and Finance Review հեղինակավոր ամսագրի։

Նորարության, զարգացման, որակավորման չափանիշներն հաշվի առնելով՝ Global Banking and Finance Review-ն առանձնացրել է տարվա լավագույն ֆինանսական կազմակերպությունների ցանկն ամբողջ աշխարհում։ Նշենք, որ Հայաստանի ֆոնդային բորսան 2020 թվականի ընթացքում շարունակել է արդիականացման գործընթացը և հաջողությամբ ներդրել է պետական պարտատոմսերի աճուրդների նոր համակարգ։ Սրան հետևելու են արժեթղթերի երկրորդային շուկայի հետագա համալիր արդիականացումը, այդ թվում «DMA»` շուկայի ուղիղ հասանելիության առցանց հնարավորություն բորսայի մանրածախ ներդրողների համար։

2020 թվականի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան արձանագրել է ընդհանուր շուկայական ծավալի (market value) աննախադեպ 47% աճ: Պարտատոմսերի շուկան 2020թ․-ին ավելի քան երբևէ եղել է ակտիվ թե՛ ցուցակված պարտատոմսերի քանակով, թե՛ իրականացված գործարքների ծավալով։ Բորսայական առևտուրը և մասնավորապես արտարժույթային կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտուրը ունեցել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը։

«Առավել քան երբևէ այս մրցանակը կարևոր է մեզ համար։ Նախորդ տարվա համավարակի ազդեցությունը և տնտեսական իրավիճակը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում թողեց իր հետևանքները, սակայն նպատակասլաց և նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել մարտահրավերները։ Բորսայի զարգացումը լինելու է շարունակական` նպաստելով կապիտալի շուկայի զարգացմանը և տնտեսական աճին», – նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Share