Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Կանխատեսվող հորիզոնում գնաճի և տնտեսական աճի կանխատեսված ուղեգծից շեղման ռիսկերը հավասարակշռված են

Կենտրոնական բանկը հրապարակել է Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)​​ պարբերականը։

2021թ. սկզբին, ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման, ՀՀ-ում դեռևս նախորդ տարեվերջից հայտարարված ռազմական դրության և դրանց հետևանքով տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշության պայմաններում՝ ՀՀ-ում շարունակում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն և պահանջարկի թույլ միջավայր, մինչդեռ արձանագրվել է գնաճի և գնաճային սպասումների զգալի ավելացում: Գնահատվում է, որ գնաճային միտումները հիմնականում պայմանավորված են եղել առաջարկի գործոններով, այդ թվում՝ միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող գնաճային ազդեցություններով, ինչպես նաև դրամի արժեզրկմամբ:

ԿԲ բազային սցենարի համաձայն՝ առաջիկա եռամսյակում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում: Դա պայմանավորված կլինի հիմնականում առաջարկի կարճաժամկետ գործոններով, որոնց ազդեցությունը աստիճանաբար կչեզոքանա՝ արտահայտվելով միջնաժամկետում գնաճի՝ դեպի ներքև ճշգրտմամբ: Հաշվի առնելով գնաճային գործոնների կարճաժամկետ բնույթը՝ առաջիկայում ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունն ուղղված կլինի գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը:

Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպասվող տնտեսական զարգացումների 12-ամսյա գնաճն առաջիկայում դեռևս կպահպանվի բարձր մակարդակում, իսկ միջնաժամկետում գնահատվող թույլ պահանջարկի միջավայրում կնվազի՝ կայունանալով նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ:

Հաշվի առնելով գնաճի նման ուղեգիծը և պահպանվող թույլ պահանջարկը, ինչպես նաև ապագային միտված դրամավարկային պայմանների նախկին խստացումների դերը գնաճի և գնաճային սպասումների զսպան ուղղությամբ՝ Կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ:

ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների բազային սցենարի համաձայն՝ 2021թ. սկզբին համավարակի նոր ալիքի տարածման, պահպանվող ռազմական դրության և տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունների պայմաններում տնտեսական աճի տարեկան կանխատեսումը նախորդի համեմատ փոքր-ինչ վերանայվել է դեպի ներքև: Միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը որոշ չափով կվերականգնվի, սակայն միայն հորիզոնի վերջում կմոտենա գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին՝ պայմանավորվածարտադրողականության և ներդրումների սպասվող ցածր աճի միտումներով:

2021-ի տնտեսական աճը հիմնականում կպայմանավորվի շինարարության և գյուղատնտեսության ոլորտների թողարկման ծավալների աճով, ինչը կուղեկցվի նաև մասնավոր ծախսումների աճի որոշակի վերականգնմամբ, չնայած ներքին պահանջարկը դեռևս կմնա թույլ՝ ի հաշիվ պահպանվող ցածր մասնավոր սպառման: Միջնաժամկետում հարկաբյուջետային քաղաքականության աստիճանական զսպման ֆոնին տնտեսական աճի վերականգնմանը մեծապես կնպաստի իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականությունը, ինչպես նաև պահանջարկի բացասական գործոնների աստիճանական չեզոքացումը:

Կանխատեսվող հորիզոնում գնաճի և տնտեսական աճի կանխատեսված ուղեգծից շեղման ռիսկերը հավասարակշռված են: Կենտրոնական բանկը հետևում է մակրոտնտեսական զարգացումներին և ռիսկերի ցանկացած դրսևորման դեպքում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործումն ապահովելու համար:

Ներբեռնեք Գնաճի հաշվետվություն I եռամսյակ 2021թ պարբերականն ամբողջությամբ

Գնաճի (12-ամսյա) կանխատեսման հավանականությունների բաշխման գրաֆիկը 3 տարվա կանխատեսման հորիզոնում։

ՀՆԱ իրական աճի (կուտակային) կանխատեսման հավանականությունների բաշխումը 3 տարվա կանխատեսման հորիզոնում

Share