Բաժին. Ֆինանսական

Հիմնադրվել է «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա»

Տեղի է ունեցել «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր ժողովը, որին մասնակցել են հիմնադիր անդամները, մյուս անդամները, հյուրեր ու հեռակա խոսնակներ Ռուսաստանի Դաշնությունից և Ֆրանսիայից:

Հիմնադիր անդամների քվեարկությամբ «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ նախագահ ընտրվեց ՀՀ-ում ԵՏՄ լիզինգի ենթախմբի բիզնես-ներկայացուցիչ և «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈւՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

««Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» նպատակը լինելու է լիզինգի շուկայի վերաբերյալ իրազեկման բարձրացումը, շուկայի ծավալների մեծացումը՝ ի հաշիվ նրա, որ շատ միավորներ ու կառույցներ իրականացնեն լիզինգային գործառնություններ: Բոլորին ծանոթացնել լիզինգի գործիքին, առավելություններին, առանձնահատկություններին: Այս ամենն անել մեկ միասնական կառույցի միջոցով», – Արսեն Բազիկյանի խոսքով՝ այս կառույցը դառնալու է կամուրջ, որով տեղ են հասցնելու լիզինգային գործընթացի իրացման հետ կապված խնդիրները, ուսումնասիրելու են շուկան, հավաքագրելու են տեղեկատվություն ու մշակելու են վիճակագրությունը:

Բազիկյանն ակնկալում է, որ իր գլխավորած կառույցը ծառայելու է ի շահ երկրի տնտեսության զարգացման: Այս ակնկալիքն ունի նաև «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր նիստի հյուրերից Կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ Հովհաննես Խաչատրյանը : Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում լիզինգային պորտֆելն ընդամենը 50 միլիարդ դրամ է: Մասնագետի գնահատմամբ սա շատ փոքր թիվ է: Բայց ինչն է պատճառը, որ այս ուղղությունը մեզանում այնքան էլ տարածված չէ:

«Բազմաթիվ են պատճառները: Ավանդույթների, հարկային օրենսդրության, ֆինանսական պայմանագրերի խնդիր էլ կա», – ասում է ԿԲ ներկայացուցիչն ու նկատում՝ լինում են գործարքներ, որոնք ենթադրում են մեքենա-սարքավորումների ձեռքբերում, որը շատ նման է լիզինգի, բայց իրականցվել է վարկի տեսքով:

Եվ այսպես, առավել հասանելի, քան վարկը, ավելի մատչելի, քան վարձակալությունը: Այնպես որ, եթե ձեր բիզնեսին հարկավոր է սարքավորում, տրանսպորտային միջոց, կոմերցիոն տարածք, գյուղտեխնիկա և այլ տեսակի գույք, ապա դիմեք լիզինգի օգնությանը:

Այս պահին «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ-ին է միացել 8 ֆինանսական կազմակերպություն, որոնց թվում են բանկեր, մասնագիտացված լիզինգային կազմակերպություններ և ունիվերսալ վարկային կազմակերպություններ։ Դրանց թիվն աճելու է. ՀԿ նախագահ Արսեն Բազիկյանն արդեն այս կապակցությամբ հեռախոսազանգեր է ստանում դեռևս չընդգրկված ֆինանսական կառույցներից: Վստահեցնում է՝ լիզինգային շուկան զարգացնելու են և եռամսյակային հաշվետվություններ ներկայացնեն ոչ միայն անդամ-կազմակերպություններին, այլ նաև ներկա և պոտենցիալ լիզինգառուներին:

Share