Բաժին. Ֆինանսական

Ինչպես է արհեստական բանականությունը փոխում ֆինանսների աշխարհը

Չկա որևէ ոլորտ, որը վերջին տասնամյակում անմասն մնացած լինի արհեստական բանականության փոխակերպող ազդեցությունից, ֆինանսական ծառայությունները ևս բացառություն չեն։ Ֆինանսների աշխարհը հայտնի է նրանով, որ փնտրում է ցանկացած հնարավորություն՝ շահույթներն առավելագույնի հասցնելու համար, հետևաբար արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML) տեխնոլոգիաների օգտագործումն ակհայտ է։

Արհեստական բանականության (AI) հնարավորություններն օգտագործվում են խարդախությունների հայտնաբերման, ռիսկերի գնահատման, հաճախորդների գոհունակության բարելավման, հաշվապահական հաշվառման և գործարքների ավտոմատացման համար։

Ավանդաբար, մարդկային ռեսուրսով (վերլուծաբաններ և ֆինանսների կառավարիչներ) ծանրաբեռնված ֆինանսական ծառայությունների ընկերությունները կամաց-կամաց փոխակերպվում են տեխնոլոգիական հսկաների։ Ստացվում է՝ ականատես ենք լինում արհեստական բանականությամբ լրացված մարդկային բանականության, ինչի արդյունքում առաջացած առավելագույն արդյունավետությունը բերում է բանկային ոլորտի ծախսերի կրճատման և հաճախորդների համար նոր պրոդուկտների առաջացման։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցի համաձայն` 2020-2024թ.թ. ընթացքում ֆինանսական ծառայությունների ոլորտի ներդրումները արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներում աճելու են 50 մլրդ դոլարով՝ հասնելով 110 մլրդ դոլարի։

Կապիտալի շուկաներում արհեստական բանականությունն իր վրա է վերցնում առևտրային գործարքների ավելի զգալի մաս։ Սկսած 1980-ական թվականներից թրեյդերներն ու հեջ ֆոնդերը սկսեցին օգտագործել ալգորիթմներ և «կանոնների շարժիչներ»՝ առևտրային գործարքներ իրականացնելու նպատակով։ Այսօր ալգորիթմային թրեյդինգի հիմքում արդեն արհեստական բանականության տեխնոլոգիաներն են։ Ինչ վերաբերվում է բարձր հաճախականությամբ տրեյդինգին, ապա այստեղ օգտագործվում են մեքենայական և խորը ուսուցման մոդելները։

JPMorgan ուսումնասիրության համաձայն` 2020թ.-ի դրությամբ 10 մլն դոլարը գերազանցող բորսայական գործարքների 60%-ի հիմքում մեքենայական ալգորիթմներն են։ Նման գործարքների ծավալը մինչև 2024թ. կաճի 4 մլրդ դոլարով՝ հասնելով 19 մլրդ դոլար։

Իհարկե, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները մեծ առավելություններ են տալիս, սակայն կան իրավիճակներ, երբ անմիջապես երևում է դրանց սահմանափակ բնույթը։ Նշված տեխնոլոգիաները դեռևս հարմարեցված չեն գործել COVID-19-ի կամ այլ պատճառով առաջացած արտակարգ և ճգնաժամային իրավիճակներին, այնպես որ, մարդկային ուղեղը դեռևս անփոխարինելի է այս ոլորտում։ Ամեն դեպքում, բանկերը և ֆինանսական կազմակերպությունները շարունակում են ակտիվորեն ներմուծել արհեստական բանականության տեխնոլոգիաները։ Դրանց ճիշտ օգտագործումը կարող է չափազանց օգտակար լինել, մասնավորապես, փոքրացնել ռիսկերը և միլիարդավոր դոլարերների նոր հնարավորություններ բացել ոլորտում։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share