Բաժին. Ֆինանսական

Վիետնամական դրախտ՝ ֆինթեք ստարտափների համար

Վրեջին տասնամյակում ԱՄՆ-ում մեծ թափով զարգանում են ֆինանսական տեխնոլոգիները, ինչի արդյունքում ստեղծվել են մի շարք ֆինթեք հսկաներ՝ Coinbase, Stripe և Square, սակայն արի ու տես, որ աշխարհի ֆինանսական տեխնոլոգիաների քարտեզի վերա վերջին տարիներին ծնվում է նոր աստղ, որն արդեն իսկ բերել է 4 «միաեղջյուրի» առաջացման։ Խոսքը Վիետնամի ֆինթեք ոլորտի մասին է։ Ֆինանսական տեխնոլոգիաների փորձագետ Նիկոլ Կապերսոնը պատմել է, թե ինչու է Վիետնամին հաջողություն սպասում այս ուղղությամբ։

Վիետնամի բնակչության 41%-ը պահում է կրիպտոարժույթներ, ինչն ավել է քան Հնդկաստանում, Բրազիլիայում և Նորվեգիայում միասին վերցված։ Բլոքչեյն տեխնոլոգիաների ոլորտում կա ներդրումների մեծ հոսք։ 2021թ.-ին Վիետնամի բնակիչների կողմից կրիպտոարժույթներում ներդրվել է 15 մլրդ դոլար։ Սակայն կրիպտոարժույթները միակ ֆինթեք ուղղությունը չէ, որ զարգանում է։

Վիետնամում կա ինտերնետի 64 մլն օգտատեր, ինչը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 6-րդ արդյունքն է, իսկ աշխարհում՝ 13-րդ։ Վիզա վճարային քարտերի օպերատորի կողմից իրականացված հարցման արդյունքում պարզվել է, որ Վիետնամական ֆինթեք ծառայություններից օգտվողների 57%-ն ունի նվազագույնը 3 թվային դրամապանակ։

2021թ.-ին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում ֆինթեք ընկերությունները ներգրավել են 27.5 մլրդ դոլար, կայացել է 1,165 գործարք, ինչը մոտ 2 անգամ ավել է 2020թ.-ի 14.7 մլրդ դոլար ցուցանիշից։

Վիետնամում գործում է 100-ից ավել ֆինթեք ստարտափ, որից 4-ը՝ միաեղջյուր (գնահատվում է 1 մլրդ դոլարից ավել), Momo, VNG, VNPay և Sky Mavis։

Վիետնամի բնակչության 69%-ը չունի հնարավորություն օգտվել ավանդական բանկային ծառայություններից։ Դրա արդյունքում ծաղկում են տեղական ֆինթեք ստարտափները, որոնք աշխատում են P2P վարկավորման և ներդրումների ոլորտներում։

Վիետնամի բնակչության միայն 3%-ն ունի բրոքերային հաշիվ, որը թույլ է տալիս արժեթղթերի առ ու վաճառք իրականացնել։Այս փաստը նույնպես դրական է աշխատում ֆինթեք ստարտափների վրա։ Բազմաթիվ ֆինթեք հարթակներ օգտատերերի համար լիարժեքորեն բացում են թրեյդինգի ամբողջ աշխարհը՝ ստիպելով օգտատերերին հրաժարվել թրեյդինգի ավանդական գործիքներից։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share