Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Ներսես Երիցյանի ելույթը Silicon Mountains-2022 միջազգային խոշոր տեխնոլոգիական գագաթնաժողովին

Հունիսի 17-ին, Մատենադարանում կայացավ թվային փոխակերպմանը նվիրված SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը:

Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն էր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: Այս տարի միջոցառմանն աջակցում էր ՀՀ Կենտրոնական բանկը:

Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի պետական պաշտոնյաները, ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները և արտերկրից հրավիրված փորձագետները քննարկել են թվային փոխակերպման կարևորությունը և թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում: Այս տարվա թեմաներն էին՝ թվային փոխակերպում, ֆինթեք և կիբեռանվտանգություն:

Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց «Կառավարության և ԿԲ համատեղ թվայնացման օրակարգը» թեման:

«Բաց եւ որակյալ տվյալները ազգային հարստության համար կենսական նշանակություն ունեցող ակտիվ են: Մեր տեսլականն է ստեղծել զարգացած եւ անվտանգ միջավայր, հիմնարարներ եւ ենթակառուցվածք՝ Հայաստանը թվային հասարակության եւ թվային տնտեսության վերափոխելու համար: Դա կավելացնի քաղաքացիների ներուժը իրենց բարեկեցությունը բարձրացնելու համար, ձեռնարկություններին կսատարի իրենց մրցունակությունը բարելավելու գործում եւ կապահովի հանրային ինստիտուտների արդյունավետ կառավարումը՝ քաղաքացու կենսագործունեությանը միտված Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիական լուծումների մշակման եւ լայնատարած օգտագործման միջոցով։ Եթե կարողանանք հասնել նրան, որ այս ամբողջ գործընթացի համար մասնավոր հատվածը տեր զգա իրեն` կհաջողենք»,- նշել է նա։

Share