Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն 2021 III եռ. – 2022 II եռ.

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է /2021 թ. 3-րդ եռ. – 2022 թ. 2-րդ եռ./ դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկից։

2021 թվականի 3-րդ եռամսյակից 2022 թվականի 2-րդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում պահպանվել է բարձր գնաճային միջավայրը: Դրան նպաստել են թե՛ արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունները, թե՛ ներքին պահանջարկի աճը: Այսպես՝ 2021 թ. երկրորդ կիսամյակում պատվաստանյութերի լայնածավալ կիրառումը զգալիորեն մեղմել է համավարակի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, որի արդյունքում դիտվել է տնտեսական ակտիվության և ամբողջական պահանջարկի սպասվածից ավելի արագ տեմպերով վերականգնում: Սակայն համաշխարհային պահանջարկի նման տեմպերով աճը, արժեշղթաների խաթարումների պարագայում, ուղեկցվել է արտաքին գնաճային միջավայրի զգալի ընդլայնմամբ, ինչը ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով ՀՀ ապրանքային շուկայի գներին է փոխանցել գնաճային զգալի ազդեցություն: Այս պայմաններում, բարձր գնաճը զսպելուն և գնաճային սպասումները խարսխելուն ուղղված ԿԲ քաղաքականության արդյունքում, տարեվերջից դիտվել է 12-ամսյա գնաճի էական նվազում, սակայն 2022 թ. փետրվարի վերջից, ռուս-ուկրաինական հակամարտության սրման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման ազդեցությամբ, թե՛ միջազգային ապրանքահումքային շուկաներում և թե՛ ՀՀ տնտեսությունում ձևավորվել են գնաճային նոր գործոններ:

Առաջնորդվելով գների կայունության նպատակի ապահովման սկզբունքով և արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ ԿԲ-ն հաշվետու ժամանակահատվածում շարունակել է վարել դրամավարկային պայմանները խստացնելու քաղաքականություն՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 2.75 տոկոսային կետով (ընդ որում, 2022 թ. մարտին ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ արձագանքելով փետրվարի վերջից աննախադեպ անորոշությունների պարագայում ձևավորված բարձր գնաճային իրավիճակին): Արդյունքում՝ տարեվերջից գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է, և 12-ամսյա գնաճը մինչև դեկտեմբեր ավելանալուց հետո (հունիսի 6.5%-ից նոյեմբերին հասնելով 9.6%-ի), 2021 թ. դեկտեմբեր – 2022 թ. փետրվար ժամանակահատվածում նվազել է մինչև 6.5%, իսկ երկրորդ եռամսյակում կրկին ավելացել է՝ հունիսին հասնելով 10.3%-ի: Նման իրավիճակում կանխատեսվում է, որ միջնաժամկետ 3 տարվա հորիզոնում գնաճի տեմպը աստիճանաբար կթուլանա և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ։

Հաշվետվությունն ամբողջությամբ

Share