Բաժին. Ֆինանսական

Ակբա բանկ. Աշխատանք՝ «կանաչ» առևտրի զարգացման նպատակով

Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Առևտրի խթանման ծրագրի» շրջանակում սեմինար–քննարկում է անցկացրել Հայաստանի բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ:

Սեմինարի նպատակներից մեկը ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային դաշտում «կանաչ» առևտրի ֆինանսավորման զարգացումն է, որի հետագա տարածման գործում շեշտվել է բանկերի և միջազգային ֆինանսական հաստատությունների դերը:

Միջոցառման շրջանակում Ակբա բանկի ՓՄՁ բիզնես թիմի ղեկավար Մանե Պողոսյանն անդրադառնալով «կանաչ» առևտրի ֆինանսավորմանը՝ ընդգծել է, որ Ակբա բանկն իր գործունեության ավելի քան 25 տարիների ընթացում մշտապես մանրակրկիտ ուսումնասիրել է բանկի կողմից ֆինանսավորվող յուրաքանչյուր նախագիծ՝ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալական և բնապահպանական ռիսկերը:

«2011 թվականից սկսած Ակբա բանկը ներդրել է սոցիալական և բնապահպանական ռիսկերի կառավարման ընթացակարգեր, որոնց միջոցով կարգավորվում է հաճախորդների գործունեության այն ոլորտները, որոնց բանկը չի կարող ֆինանսավորել կամ կարող է ֆինանսավորել սոցիալական և բնապահպանական ազդեցության լրացուցիչ և ավելի մանրամասն վերլուծության դեպքում: Ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, ապա Ակբա բանկը և ԱԿԲԱ ֆինանսական խմբի անդամներից Ակբա Լիզինգն առ այսօր ֆինանսավորել են 20 միլիարդ դրամը գերազանցող ծրագրեր էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտներում: Մենք նախատեսում ենք մուտք գործել նաև «կանաչ» պարտատոմսերի շուկա»,– նշել է Ակբա բանկի ՓՄՁ բիզնես թիմի ղեկավար Մանե Պողոսյանը՝ հավելելով, որ 2016 թվականին Ակբան գործարկել է նաև համայնքային ֆինանսավորման գործիք, ինչը ենթադրում է համայնքների կողմից էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների ֆինանսավորում:

Ակբան Հայաստանի խոշորագույն բանկերից է, որն առաջարկում է ունիվերսալ ֆինանսական ծառայություններ: Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5000 բաժնետեր:

Share