Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԲԱՆԿԵՐՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

2011 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ-ում գործող 21 բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 1844.1 մլրդ դրամ: Ցուցանիշը, եռամսյակային կտրվածքով, աճել է շուրջ 7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հատկանշական է, որ հաշվետու այս երեք ամիսների ընթացքում իրենց ակտիվների կառուցվածքում  հայաստանյան բանկերը գրանցել են ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց  վարկավորման ծավալների աճ:  Այսպես, ՀՀ կենտրոնական բանկի տվյալների համաձայն` ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատությամբ,  հայաստանյան բանկերի կողմից իրավաբանական անձանց տրամանդրված վարկերի համախառն ծավալն աճել է 6.9%-ով և կազմել 690.4 մլրդ դրամ:  Միևնույն ժամանակ, ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալն աճել է 3.7%-ով և կազմել 386.5 մլրդ դրամ:  Նշենք նաև, որ հաշվետու այս երեք ամիսների բանկերի կողմից վերջիններիս հետ կապված անձանց և աշխատակիցներին տրամադրված վարկերի  համախառն ծավալը գրանցել է  2.1% աճ` կազմելով  30 մլրդ դրամ:

Ուշագրավ է այն փաստը, որ ՀՀ բանկերը զգալի անկում են գրանցել լիզինգային և ֆակտորինգային ծառայությունների ոլորտում (շուրջ 10%): Միևնույն ժամանակ, հաշվետու եռամսյակում հայաստանյան բանկերը ավելի քան 19%-ով ընդլայնել են ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստները:

2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ (432 մասնաճյուղ):

Share