Բաժին. Ֆինանսական

ՀՀ կենտրոնական բանկն ուսումնասիրում է Թվային Դրամ (CBDC) թողարկելու հարցը

Տարբեր երկրների Կենտրոնական բանկեր արդեն գործարկում կամ փորձարկում են սեփական թվային արժույթները՝ CBDC (Կենտրոնական բանկի թվային արժույթ): CBDC է գործարկել արդեն իսկ մեկ տասնյակից ավելի երկիր, 15-ը փորձարկման փուլում է, ավելի քան 40 երկիր էլ ուսումնասիրություններ է իրականացնում: Իսկ Հայաստանում ի՞նչ տեսակետ ունեն CBDC-ների վերաբերյալ, նախատեսվո՞ւմ է արդյոք մոտ ապագայում թողարկել, և ի՞նչ հնարավորություններ այն կարող է բացել երկրի համար. այս և այլ հարցերի շուրջ «Բիզնես 24»-ը ստացել է Հայաստանի կենտրոնական բանկի դիրքորոշումը:

Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ երկրներ են սկսել խոսել ԿԲ թվային արժույթի թողարկման մասին: Հայաստանի գլխավոր դրամատունն առհասարակ ի՞նչ դիրքորոշում ունի ԿԲ թվային արժույթի (CBDC) վերաբերյալ, ի՞նչ առավելություններ ունի այն, ի՞նչ հնարավորություններ կարող է ընձեռել:

ԿԲԹԱ-ի վերաբերյալ դիրքորոշման ձևավորումը ընդգրկված է ՀՀ ԿԲ ռազմավարության նպատակների ցանկում, և ներկայումս ԿԲ շահագրգռված ստորաբաժանումները իրականացնում են հետազոտական աշխատանքներ՝ այդ դիրքորոշումը ձևավորելու նպատակով: ԿԲԹԱ-ն իրավաբանորեն հանդիսանում է ԿԲ փողի երրորդ տեսակ (առաջին երկուսը կանխիկն ու ԿԲ պահուստներն են), և հանդիսանում է ԿԲ ուղղակի պարտավորություն: Տեխնիկական տեսանկյունից ԿԲԹԱ-ն (CBDC) կարող է լինել փողի շրջանառության թվային ենթակառուցվածքի կարևորագույն տարր, և կախված այլ թվային ֆինանսական գործիքների հետ փոխգործելիության աստիճանից, կարող է պարզեցնել և ավելի արդյունավետ դարձնել ֆինանսական համակարգում առկա բազմաթիվ բիզնես-գործընթացներ: Համապատասխան հատկանիշներ ունենալու դեպքում ԿԲԹԱ-ն կարող է ավելացնել սպառողների ֆինանսական ներգրավվածությունը, վճարային գործիքների կայունությունը և հասանելիությունը:

Այս պահի դրությամբ CBDC է մեկնարկել 11 երկրիր, 15-ը փորձարկման փուլում է: ՀՀ Կենտրոնական բանկն ավելի վաղ հայտնել էր, որ անց է կացնում CBDC մոդելների և գործառույթների ուսումնասիրություններ ու հետազոտական աշխատանքներ՝ Հայաստանի ֆինանսական համակարգի վրա դրանց հնարավոր ազդեցությունը պարզելու նպատակով: Ի՞նչ եզրահանգման եք եկել այս ուսումնասիրություններից, Հայաստանի Կենտրոնական բանկը առաջիկա տարիներին նախատեսո՞ւմ է Թվային դրամի թողարկում: Ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ դրան հասնելու համար, օրենսդրական կարգավորումների կարիք կա՞:

Ինչպես նշեցինք, ուսումնասիրությունները ընթացքի մեջ են, և մոտ ապագայում ԿԲԹԱ թողարկելու վերաբերյալ դիրքորոշումը ձևավորելու ընթացքում ՀՀ ԿԲ-ն կծավալի երկխոսություն ֆինանսական համակարգի մասնակիցների և հասարակության հետ՝ ԿԲԹԱ-ի անհրաժեշտությունը և հատկանիշները գնահատելու համար: ԿԲԹԱ-ի հնարավոր գործարկման դյուրինությունը կախված է երկրում թվայնացման գործընթացների զարգացվածության մակարդակից: Բնականաբար, ԿԲԹԱ ներդրումը ենթադրում է որոշակի օրենսդրական դաշտում փոփոխություններ ևս, սակայն դրանց բնույթը կախված է ԿԲԹԱ-ի ընտրված հատկանիշներից:

Իսկ ի՞նչ ռիսկեր եք տեսնում՝ հատկապես կիբերանվտանգության տեսանկյունից: Հնարավո՞ր է արդյոք հավասարակշռել թվային արժույթի անվտանգությունը, գաղտնիությունն ու թափանցիկությունը: Տեսակետ կա, թե CBDC-ները կարող են վնասել դրամավարկային և ֆինանսական կայունությունը: Օրինակ՝ ավանդատուներն իրենց միջոցները կպահեն թվային արժույթով, իսկ բանկերը հասանելիություն չեն ունենա այդ միջոցներին՝ վարկավորման նպատակով օգտագործելու համար:

Բնական է, որ ԿԲԹԱ-ի պես համակարգը պետք է համապատասխանի կիբերանվտանգության, անձնական տվյալների պաշտպանության և բիզնեսի անընդհատության բարձրագույն ստանդարտներին: Հավասարակշռել ԿԲԹԱ անվտանգությունը, գաղտնիությունը և թափանցիկությունը հնարավոր է, սակայն պետք է հաշվի առնել նաև համակարգի մշակման, գործարկման և սպասարկման ծախսերը և դրանց հարաբերությունը սպասվող դրական արդյունքներին: Ֆինանսական կայունության (բանկերի ապամիջնորդավորման) ռիսկը տեսականորեն առկա է, սակայն կարող է զսպվել ԿԲԹԱ համապատասխան հատկանիշներով: Մասնավորապես, ԿԲԹԱ-ի ծավալները կարող են լինել սահմանափակ, իսկ հասանելիության մեխանիզմները կարող են կանխել բանկերում պահվող ավանդների մեծ ծավալով անցումը ԿԲԹԱ-ի: Բացի այդ, ԿԲԹԱ-ն, որպես ենթակառուցվածքի տարր, կարող է բանկերի համար ստեղծել նոր թվային ֆինանսական ծառայություններ մշակելու հնարավորություն: Ինչ վերաբերվում է դրամավարկային քաղաքականությանը, ապա նշենք, որ ԿԲԹԱ-ն կարող է արագացնել դրամավարկային քաղաքականության փոխանցումը շուկային, թեև դա ԿԲԹԱ-ի օժանդակ հատկություններից է, իսկ միջազգային պրակտիկայում ԿԲԹԱ-երի կիրառման այս մասով առկա արդյունքները դեռևս ենթական են վերլուծության և գնահատման:

Թվային արժույթը կարո՞ղ է օգտագործվել նաև անդրասահմանային փոխանցումների, վճարումների համար:

Այո, և այս իմաստով ԿԲԹԱ-ների մրցակիցն են մասնավոր սթեյբլքոյն (stablecoin) կոչվող գործիքները, սակայն որպեսզի ԿԲԹԱ-ները դառնան արագ և հարմարավետ գործիք, միջազգային ֆինանսական շուկան դեռ պետք է մշակի ընդհանուր տեխնիկական սկզբունքներ, որոնց հիման վրա կառուցված ազգային ԿԲԹԱ-ներն առավել պարզ և արագ կերպով կինտեգրվեն իրար հետ: Այլապես ազգային ԿԲԹԱ-ն այլ երկրների ԿԲԹԱ-ների հետ ինտեգրելը կլինի նույնքան աշխատատար, ինչքան ցանկացած այլ վճարային գործիք, և այդ իմաստով ԿԲԹԱ-ն չի առաջարկի որևէ առավելություն միջազգային փոխանցումների և վճարումների դեպքում: ՀՀ ԿԲ-ն մշտապես հետևում է ԿԲԹԱ-ներին վերաբերվող միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներին և ԿԲԹԱ-ների փոխգործելիության հարցերին:

CBDC (Թվային դրամ)  թողարկումն ի՞նչ հնարավորություններ կարող է բացել Հայաստանի համար:

ԿԲԹԱ-ն առավել հետաքրքրություն է առաջացնում այն երկրների հասարակություններում, որտեղ վճարային գործիքների և ծառայությունների ներքին շուկան չի բավարարում առկա պահանջարկը, և ԿԲ-ի կողմից մշակված համակարգը ներքին շուկայում ծածկում է այդ բացը: ՀՀ-ում վճարային ծառայությունների շուկան բավական չափով զարգացած է և շարունակում է զարգանալ, ինչը նշանակում է որ ԿԲԹԱ-ի պես ծախսատար և ժամանակատար նախագիծը ներքին շուկայում պետք է առաջարկի հստակ առավելություններ, որպեսզի նրա ներդրումը արդարացված լինի: Մյուս կողմից, միջազգային վճարումների և փոխանցումների տեսանկյունից ԿԲԹԱ-ն ևս պետք է կարողանա առաջարկել ավելի պարզ, արագ և հարմարավետ գործիք, քան առկա գործիքներն են, և դա որոշ չափով կախված է լինելու այլ երկրների և միջազգային մարմինների կողմից ԿԲԹԱ-ների փոխգործելիության հետ կապված տարվող աշխատանքների արդյունքից:

Աննա Գրիգորյան

Share