Բաժին. Ֆինանսական

FOREX CLUB. ԴՈԼԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԹԱՆԿԱՆԱԼ

Նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ բորսայի արտարժույթի հարթակում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,39%-ով և կազմել 383,75 դրամ: Այս մեկ շաբաթվա ընթացքում ընդհանուր դոլարային առևտրի ծավալը կազմել է  23,82 մլն դոլար: Ցուցանիշը շուրջ 42%-ով գերազանցել է նախորդ շաբաթվա արդյունքներով գանցված մակարդակը:

Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի գնահատմամբ` միջազգային ֆինանսական շուկաներում ամերիկյան դոլարի դիրքերի ամրապնդմանը զուգընթաց Հայաստանում դոլարի «թանկացումը» կշարունակվի: Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանի` այդ թանկացումը, նախատոնական տրամադրություններով պայմանավորված, կլինի չնչին:

Միքայել Վերդյանի դիտարկմամբ` վերջին ժամանակահատվածում մեր հանրապետությունում սպառողների և բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների շրջանում ամերիկյան դոլարի նկատմամբ պահանջարկն աճել է, և այդ զարգացումը ևս նպաստում է ՀՀ դրամի նկատմամբ դոլարի դիրքերի ամրապնդմանը:

Կանխատեսվում է, որ այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կտատանվի 384-387 դրամի սահմաններում:

Միևնույն ժամանակ, սպասվում է, որ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կտատանվի 495.0-515.0 դրամի սահմաններում, իսկ ռուբլու փոխարժեքը գտնվի 12.35 -12.65 դրամի սահմաններում:

Share