Բաժին. Ֆինանսական

Արևային էներգիա Ձեր բիզնեսի համար. տեղի ունեցավ ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագրի և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի համատեղ միջոցառումը

Կլիմայի փոփոխության պատճառներն ու հետևանքներն, ինչպես նաև այդ համատեքստում բիզնեսի դերն ու հնարավորությունները քննարկվեցին այսօր Երևանում կայացած համաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` HSBC Հայաստան) և ՎԶԵԲ-ի (EBRD) Հայաստանում կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (այսուհետ` GEFF-ը Հայաստանում) համատեղ ջանքերով:

Համաժողովի նպատակն էր հայկական բիզնեսին ներկայացնել վերականգնվող և արևային էներգիայի օգտագործման առավելություններն, ընկերությունների էներգաարդյունավետության բարելավման հնարավորությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ ՎԶԵԲ-ի ֆինանսավորման շրջանակում նրանց առաջարկվող ֆինանսավորման լուծումները:

«Էներգաարդյունավետ բիզնես լուծումները ծախսերը կրճատելու և, միևնույն ժամանակ,  կլիմայական փոփոխությունների ռիսկերը նվազեցնելու նոր հնարավորություններ են ստեղծում բիզնեսի համար: Հետեւաբար, կարևոր է ձեռք բերել գիտելիքներ, որոնք կնպաստեն բիզնեսի գործունեության համար ՖՎ կայանների ներուժն առավելագույն օգտագործելուն»,- նշում է GEFF-ը Հայաստանում ծրագրի` Ֆինանսական կառույցների հետ փոխհարաբերությունների կառավարիչ Միխայիլ Գևորգյանը:

Միջոցառման ընթացքում ոլորտի փորձագետները մասնակից կազմակերպություններին տրամադրեցին գործնական ուղեցույց ՖՎ կայանի շահագործման ժամկետների, դրա կայուն աշխատանքն ապահովելու, ինչպես նաև այլ տեխնիկական մանրամասների վերաբերյալ:

HSBC Հայաստանի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Մարտին Մարտիրոսյանի խոսքով` ակնհայտ է, որ գործարարները սկսել են գնահատել   վերականգնվող էներգետիկայի կենսական նշանակությունը CO2 արտանետումները նվազեցնելու և շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցությունը սահմանափակելու հարցում: Նա մասնավորապես նշում է. «Հատկանշական է, որ նման միջոցառումները հետաքրքրություն են առաջացնում և նպաստում են գործարար միջավայրի ձևավորմանը, որտեղ նախապատվություն է տրվում բիզնես վարելու առավել կայուն եղանակների անցմանը:

HSBC-ն ողջ աշխարհում կայուն տնտեսությանը նպաստող պարտավորություններ է ստանձնել։ Հայաստանում ևս HSBC-ն պարտավորվել է աջակցել իր հաճախորդներին անցում կատարել դեպի ցածր ածխածնային և կենսունակ տնտեսության: Այդ նպատակով մենք առաջարկում ենք ֆինանսավորման լուծումներ, որոնք ուղղված են վերականգնվող էներգիայի կիրառմանը և մեր հաճախորդների էներգաարդյունավետության բարձրացմանը»:

GEFF-ը հանդիսանում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) ծրագիր, որը Հայաստանում իրագործվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF)Կլիմայի ներդրումային ֆոնդերի (CIF) «Ավելացնելով վերականգնվող էներգիայի ներդրումները ծրագրի» (SREP) օժանդակությամբ:

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 63 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2022թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,992 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2022 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 321 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Share